Հոդված 45. Համայնքի ղեկավարի լիազորություններն առևտրի և ծառայությունների բնագավառում
Հոդված 45. Համայնքի ղեկավարի լիազորություններն առևտրի և ծառայությունների բնագավառում
1. Համայնքի ղեկավարն առևտրի և ծառայությունների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում առևտրի և հանրային սննդի ոլորտում.
2) օրենքով նախատեսված դեպքերում տալիս է ոգելից խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի արտադրատեսակների իրացման թույլտվություն.
3) տալիս է համայնքի տարածքում բացօթյա վաճառք, տոնավաճառներ կազմակերպելու թույլտվություն.
4) տալիս է համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն.
5) համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն.
6) Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման տարեկան ծրագրում համայնքի մասնակցության մասին.
7) համայնքի տարածքում տալիս է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառքի թույլտվություն.
8) տալիս է համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն.
9) տալիս է համայնքի տարածքում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն.
10) (կետն ուժը կորցրել է 13.07.23 ՀՕ-261-Ն)
11) տալիս է համայնքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվություն.
12) համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգին ու պայմաններին համապատասխան տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.
13) տալիս է համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություններ.
14) ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի դեպքում կիրառվում է առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների առգրավում: Համայնքի ղեկավարի որոշմամբ սույն մասով սահմանված առգրավելու իրավասությունը կարող է վերապահվել աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձին.
15) տալիս է համայնքի տարածքում շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվություն.
16) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն՝ որոշում է ընդունում շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշելու և համապատասխան նշանով կահավորելու վերաբերյալ.
17) տալիս է համայնքի տարածքում կենդանիների վաճառքի թույլտվություն.
18) տալիս է կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվություն:
(45-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-201-Ն, 11.09.18 ՀՕ-380-Ն, խմբ. 13.02.20 ՀՕ-93-Ն, փոփ. 26.05.21 ՀՕ-218-Ն, լրաց. 17.11.21 ՀՕ-354-Ն, 16.12.21 ՀՕ-426-Ն, 22.03.23 ՀՕ-117-Ն, փոփ. 13.07.23 ՀՕ-261-Ն, լրաց. 02.05.24 ՀՕ-215-Ն, 25.03.26 ՀՕ-127-Ն)
(25.03.26 ՀՕ-127-Ն օրենքն ունի անցումային դրույթ)