Հոդված 59. Համայնքային բյուջեների վարկերը և փոխատվությունները
Հոդված 59. Համայնքային բյուջեների վարկերը և փոխատվությունները
Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, բյուջեի ծախսերը կատարելու նպատակով պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է ստանալ բյուջետային վարկեր և փոխատվություններ (այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաև փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը): Համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փոխատվության գծով պարտքն ամբողջությամբ մարելուց հետո:
Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել կամ թողարկել համայնքային արժեթղթեր` օրենքով սահմանված կարգով: Համայնքը պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է վարկային պայմանագիր կնքել այն պայմանով, որ յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարը` մայր գումարի և տոկոսավճարների հանրագումարը, չի գերազանցի համայնքի բյուջեի համապատասխան տարվա ֆոնդային մասի եկամուտների 20 տոկոսը: Համայնքը նոր վարկ կարող է վերցնել նախորդ վարկային պարտքն ամբողջությամբ մարելուց հետո: Տվյալ վարկային միջոցները պարտադիր ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս:
Վարկային պայմանագրի գրավ կարող են լինել միայն համայնքի բյուջեի եկամուտները և Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքները: Համայնքի բյուջեի միջոցների հաշվին վարկեր և փոխատվություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխատվությունների տրամադրման դեպքերի) և արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ համայնքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի):
(59-րդ հոդվածը փոփ. 11.04.03 ՀՕ-542-Ն, լրաց., փոփ. 20.05.05 ՀՕ-103-Ն)