Հոդված 59. Համայնքի ղեկավարի լիազորությունների ընդհանուր բնութագիրը
Հոդված 59. Համայնքի ղեկավարի լիազորությունների ընդհանուր բնութագիրը
1. Համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է ավագանու և աշխատակազմի աշխատանքները.
2) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է աշխատակազմի քարտուղարին, համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.
3) սահմանում է համայնքի շենքերի և շինությունների համարակալումը.
4) ավագանուն է ներկայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման տարեկան ծրագիրը, դրան համապատասխան տնօրինում է համայնքի սեփականություն հանդիսացող գույքը.
5) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին.
6) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.
7) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը ավագանու, իր գործունեության և համայնքի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Այդ հաշվետվությունները տեղադրվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում.
8) իրականացնում է համայնքի սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքների կառավարումը և ապահովում դրանց շահագործումը.
9) օրենքով սահմանված սեփական այլ լիազորություններ:
2. Համայնքի ղեկավարն իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով լուծում է համայնքի տարածքում հավաքներ անցկացնելու հարցը.
2) համայնքի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը` ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանակավոր տեղադրվածների) տեղադրման միջոցով.
3) օրենքով սահմանված կարգով մասնակցում է պետական սեփականություն հանդիսացող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների և մարզական կազմակերպությունների կառավարմանը.
4) համայնքի տարածքում իրականացնում է պետական սոցիալական ապահովության ծրագրերը.
5) իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները համայնքի տարածքում.
5.1) տեղական՝ շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերի պահանջների կատարման համար անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ է կատարում համապատասխան ակտերում կամ ուժը կորցրած ճանաչում տեղական՝ շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը.
6) իրականացնում է օրենքով պատվիրակված այլ լիազորություններ:
(59-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-24-Ն, 26.10.22 ՀՕ-411-Ն)