Հոդված 36. Համայնքի ղեկավարի լիազորությունները քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների բնագավառում
Հոդված 36. Համայնքի ղեկավարի լիազորությունները քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների բնագավառում
1. Համայնքի ղեկավարը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կատարում է քաղաքացիների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների հանրագրերը, դիմումներն ու բողոքները և ձեռնարկում է համապատասխան միջոցներ.
2) իր լիազորությունների շրջանակում կայացնում է որոշումներ, որոնցով խթանում է համայնքում տնտեսական գործունեություն նախաձեռնողների ծրագրերի և նրանց գործունեության առավել արդյունավետ իրականացումը.
3) կանոնակարգում է հավաքների անցկացումը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով.
4) կազմակերպում է համայնքի արխիվային գործի վարումը.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ սույն բնագավառին վերաբերող լիազորությունները.
6) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ:
2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.
1) սահմանում է տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը, ապահովում քվեարկության սենյակը սահմանելու և քվեարկության սենյակի` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան կահավորումը.
2) (կետն ուժը կորցրել է 17.11.21 ՀՕ-354-Ն)
3) վերացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը.
4) (կետն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-518-Ն)
5) միջոցներ է ձեռնարկում իր համայնքում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացահայտելու և այդ ծնունդների պետական գրանցումներն ապահովելու ուղղությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տալիս է երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարություն.
6) հաստատում է համայնքի բնակիչ համարվող անձանց` վարորդական իրավունք ստանալու, աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարներ ստանալու, նպաստներ և կրթաթոշակներ, քաղաքացիների ավանդներ ու փոստային առաքումներ (այդ թվում` դրամական և ծանրոցային) ստանալու լիազորագիրը, եթե այդ համայնքում չկա մշտապես գործող նոտար.
7) իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքով վերապահված սեփական և պետության պատվիրակած լիազորությունները:
(36-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-16-Ն, լրաց., փոփ. 17.11.21 ՀՕ-354-Ն, լրաց. 22.10.25 ՀՕ-368-Ն, փոփ. 17.12.25 ՀՕ-518-Ն)
(17.12.25 ՀՕ-518-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)