Հոդված 69. Համայնքի բյուջեի կատարման հաշվետվության հաստատումը
Հոդված 69. Համայնքի բյուջեի կատարման հաշվետվության հաստատումը
Համայնքի ղեկավարը եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետում բյուջեի ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն:
Բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացվում է բյուջետային տարին ավարտվելուց հետո` հաջորդ տարվա համայնքային բյուջեի եռամսյակային կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ հաղորդման հետ միասին:
Համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ աուդիտորական վերստուգիչ մարմինը համայնքի ավագանուն ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունները:
Համայնքի ավագանու նիստում համայնքի ղեկավարը պատասխանում է ավագանու անդամների հարցերին և տալիս է անհրաժեշտ բացատրություններ:
Համայնքի ավագանին բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ կարող է անցկացնել նաև անկախ աուդիտ, իսկ իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում` դիմել համապատասխան իրավասու մարմիններ:
Համայնքի ավագանին քննարկումն ավարտելուց հետո որոշում է կայացնում բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:
Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով:
Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից այդ հաշվետվության քննարկման և հաստատման ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ավագանին, օրենքով սահմանված կարգով, կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն ներկայացնել: Եթե համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն չի ներկայացվում, կամ կառավարությունը ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկությունն օրենքով սահմանված կարգով ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:
Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին որոշում ընդունվելու դեպքում համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, վայր է դնում իր լիազորությունները, իսկ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:
Համայնքների բյուջեների կատարման տարեկան հաշվետվությունների քննարկման և հաստատման հետ կապված` սույն օրենքով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ: