Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Համաձայնագրի առարկան մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ այլ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին մասնակցության թույլտվության ապահովումն է:
2. Յուրաքանչյուր անդամ պետություն ապահովում է բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին մասնակցության թույլտվության հնարավորություն այլ անդամ պետությունների դիլերների համար՝ դիլերային գործունեություն իրականացնելու, ինչպես նաև այլ անդամ պետությունների բրոքերների համար՝ ազգային հաճախորդներին և Միության անդամ չհանդիսացող պետությունների հաճախորդ ռեզիդենտներին բրոքերային ծառայություններ մատուցելու համար:
3. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին այլ անդամ պետությունների բրոքերների և դիլերների մասնակցության թույլտվությունը տրամադրվում է բրոքերի (դիլերի) գրանցման անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա: Նման թույլտվություն տրամադրած բորսան (առևտրի կազմակերպիչը) մշտական ռեժիմով իրականացնում է համապատասխան լիցենզիայի (թույլտվության) առկայության ստուգում:
Բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին մասնակցության թույլտվությունն այլ անդամ պետությունների բրոքերներին և դիլերներին բորսայի գրանցման անդամ պետության կողմից տրամադրվում է այդ անդամ պետության կողմից իր բրոքերներին և դիլերներին տրամադրվող պայմաններից ոչ պակաս բարենպաստ պայմաններով:
Բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին մասնակցության թույլտվության դեպքում բրոքերներին և դիլերներին հնարավորություն է տրվում, այդ թվում՝
սակարկությունների ժամանակ հայտեր ներկայացնել և գործարքներ կնքել (բորսայի (առևտրի կազմակերպչի) պահանջները կատարելու պայմանով).
դառնալ քլիրինգի մասնակիցներ (քլիրինգային կազմակերպության պահանջները կատարելու պայմանով).
ստանալ տեխնիկական մուտք սակարկություններին և քլիրինգին (այդ տեխնիկական մուտքը տրամադրող անձի պահանջները կատարելու պայմանով).
անդամ պետությունների դեպոզիտարիաներում բացել սեփականատիրոջ դեպո հաշիվներ (համապատասխան անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այդպիսի հաշիվների բացման կարգի վերաբերյալ պահանջները կատարելու պայմանով):
4. Իր պետության օրենսդրությանը համապատասխան դեպոզիտարային գործունեություն իրականացնող մեկ անդամ պետության բրոքերն իրավունք ունի օտարերկրյա անվանատիրոջ դեպո հաշիվներ բացելու այլ անդամ պետությունների դեպոզիտարիաներում (կենտրոնական դեպոզիտարիաներում)՝ այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, եթե այդպիսի հաշվի բացումը նախատեսված է այդ պետությունների օրենսդրությամբ:
Բրոքերը, որի համար բացվել է օտարերկրյա անվանատիրոջ դեպո հաշիվ, պարտավոր է ապահովել դեպոզիտարիաների (անվանատերերի) նկատմամբ՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը, որտեղ իր գործունեությունն է իրականացնում բրոքերի համար այդպիսի հաշիվ բացած դեպոզիտարիան (կենտրոնական դեպոզիտարիան):
5. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին մասնակցության թույլտվությունն այլ անդամ պետությունների բրոքերներին և դիլերներին կարող է տրամադրվել սակարկություններին, դեպոզիտարային և քլիրինգային ծառայություններին հեռահար մուտքի միջոցով:
6. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկություններին այլ անդամ պետությունների բրոքերների և դիլերների մասնակցության թույլտվությունը տրամադրվում է նրանց կողմից այն անդամ պետության օրենսդրության պահանջների կատարման պայմանով, որտեղ գրանցված է այդ բորսան (առևտրի կազմակերպիչը), այդ թվում` արժեթղթերի շուկայի կարգավորման (ներառյալ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) շուկայում բրոքերային և դիլերային գործառնությունները կատարելը), ինչպես նաև բորսայական, քլիրինգային և դեպոզիտարային գործունեության ոլորտում:
Բրոքերի և դիլերի լիցենզիայի (թույլտվության) ստացման (առկայության) մասով անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջները (այդ թվում՝ նորմատիվները), ինչպես նաև բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման անդամ պետության լիազորված մարմնի կողմից սահմանվող պրուդենցիալ վերահսկողության լիցենզիոն պահանջներն ու նորմատիվները չեն տարածվում այլ անդամ պետությունների բրոքերների և դիլերների վրա:
Անդամ պետության օրենսդրությամբ (այդ թվում՝ լիազորված մարմինների կողմից) սահմանված և իր հաճախորդների հետ բրոքերի փոխգործակցության կարգը սահմանող պահանջները չեն տարածվում այլ անդամ պետությունների բրոքերների վրա: