Հոդված 28
Հոդված 28
Կայազորի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետն անմիջականորեն պատասխանատու է կայազորի զորամասերում հակահրդեհային պաշտպանություն կազմակերպելու, հակահրդեհային և փրկարար աշխատանքների զինվորական խմբերի, հաստիքային ու ոչ հաստիքային հրշեջ խմբերի մշտական պատրաստականության համար:
Նա պարտավոր է`
- մշակել կայազորի հակահրդեհային պաշտպանության ծրագիր, այն համաձայնեցնել տեղական հրշեջ մարմինների հետ, ինչպես նաև մասնակցել տեղական պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության փոխգործողության ծրագիր մշակելուն.
- վերահսկել զորամասերի հրշեջ խմբերի կողմից հակահրդեհային ծառայության անցկացման վիճակը, հետևել կայազորի օբյեկտներում և զորամասերում հրդեհամարող միջոցների սարքին պահպանմանը.
- միջոցներ ձեռնարկել բնակելի և ծառայական շենքերում, պահեստներում, հավաքակայաններում և մյուս օբյեկտներում հակահրդեհային պաշտպանության թերություններն անհապաղ վերացնելու համար. արգելել ջեռուցման ու լուսավորության անսարք միջոցներից օգտվելը, ինչպես նաև հակահրդեհային սարքեր չունեցող դահլիճները և այլ շինություններն օգտագործելը.
- ստուգել ուսումնամարզական կենտրոններ մեկնած կամ կայազորի կազմից դուրս եկած զորամասերի բնակելի շինությունների, ինչպես նաև կայազորի զինվորական ավանում սպայական կազմի բնակելի տների հակահրդեհային վիճակը.
- հրահանգավորել կայազորի զորամասերի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայությունների պետերին և պարբերաբար հատուկ պարապմունքներ անցկացնել նրանց հետ.
- կայազորի պետի հաստատած ծրագրով անցկացնել զորամասերի հրշեջ խմբերի ուսումնական պարապմունքներ, իսկ կայազորային պահակախմբերի պահպանած օբյեկտներում` ուսումնական հրշեջ տագնապներ.
- կազմակերպել և վերահսկել օբյեկտների տեղական պաշտպանության հակահրդեհային կազմավորումների մասնագիտական պատրաստության գործը, հսկողություն սահմանել նրանց գույքով ապահովելու նկատմամբ.
- կայազորի պետի թույլտվությամբ զորամասերի հակահրդեհային և փրկարար աշխատանքների ծառայության մասնագետներին ներգրավել կայազորի հակահրդեհային պաշտպանության վիճակի ստուգման գործում.
- կայազորում ծագած հրդեհի դեպքում կանչել զորամասերի և տեղական քաղաքացիական հրշեջ խմբեր և հրդեհամարման ժամանակ ղեկավարել նրանց գործողությունները.
- հրդեհի բռնկման և այն հանգցնելու միջոցառումների մասին անմիջապես զեկուցել կայազորի պետին, տեղում անցկացնել հրդեհի պատճառների հետաքննություն.
- հակահրդեհային պաշտպանության գործում առկա թերությունների մասին ժամանակին զեկուցել կայազորի պետին և ներկայացնել իր նկատառումները դրանց վերացման վերաբերյալ:
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱՊԵՏ