Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 68-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի առաջին նախադասության «կառավարիչն ապացուցում է, որ» բառերը փոխարինել «կառավարիչը» բառով.
2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-9-րդ մասերով.
«6. Եթե խախտվել են սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները, որոնց արդյունքում ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառվել է վնաս, ապա կառավարիչը պարտավոր է խախտման մասին Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված ժամկետներում որոշել յուրաքանչյուր մասնակցին (ֆոնդին) պատճառված վնասի չափը և վնաս կրած մասնակիցներին որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում ծանուցել պատճառված վնասի, դրա չափի և վնասի հատուցումն ստանալու կարգի ու ժամկետների մասին:
7. Կառավարիչը պետք է որոշի պատճառված վնասի չափը՝ ելնելով բոլոր գույքային վնասներից, ներառյալ՝ բաց թողնված օգուտը այն իրավիճակի համեմատությամբ, որը կլիներ, եթե խախտումը տեղի չունենար, և խախտման հետ կապված ակտիվները կառավարվեին այլ ակտիվներին համանման ձևով:
8. Կառավարչի կողմից պայմանագրային ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասի հատուցումն իրականացվում է ֆոնդի համապատասխան մասնակիցներին կառավարչի հաշվին ֆոնդի համապատասխան քանակի փայեր տեղաբաշխելու կամ ֆոնդին դրամական եղանակով վճարելու միջոցով: Հատուցման վճարման պահին տվյալ ֆոնդի մասնակից չհանդիսացող անձանց պատճառած վնասի հատուցումն իրականացվում է համապատասխան գումար վճարելու միջոցով, բացառությամբ կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների, որոնց համար ձեռք են բերվում նրանց ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հատուցման կարգն ու պայմանները, այդ թվում՝ հատուցման եղանակի ընտրության չափանիշները:
9. Սույն հոդվածը չի սահմանափակում օրենքով սահմանված այլ հիմքերով վնասների հատուցման պահանջի ներկայացումը:»: