Հոդված 12. Գնման առարկայի բնութագրերը
Հոդված 12. Գնման առարկայի բնութագրերը
1. Գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման և վճարման պայմանները` բացառելով այլընտրանքային մեկնաբանությունը: Գնման առարկայի բնութագրերը, որոնք ներառում են նաև պայմանագրի գինը, ընդգրկվում են պայմանագրում:
2. Գնման առարկայի բնութագրերը`
1) պետք է մրցակցության հավասար պայմաններ ապահովեն հնարավոր մասնակիցների համար.
2) չպետք է հանգեցնեն գնումների գործընթացում մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտների առաջացմանը.
3) պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք լինեն այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը.
4) ներառում են գնման առարկայի մասնագրի, տեխնիկական տվյալների, իսկ աշխատանքների դեպքում` նաև աշխատանքների ծավալաթերթի, ժամանակացույցի և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը:
3. Ելնելով գնման առարկայի առանձնահատկությունից, դրանց հատկանիշները հնարավորինս ներառում են ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության որակին, ստանդարտին, անվտանգությանը, պայմանական նշաններին, տերմինաբանությանը, փաթեթավորմանը, բեռնաթափմանը, չափին, նախագծերին, ինչպես նաև գնման առարկայի այլ հատկանիշներին վերաբերող պայմանների հստակ նկարագրությունը` հիմնված միջազգային ստանդարտների և Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ժամանակավոր տեխնիկական պայմանների վրա:
4. Գնման առարկայի հատկանիշները կարող են սահմանվել նաև որպես կատարողականի և (կամ) գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան:
5. Գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանին, ֆիրմային անվանմանը, արտոնագրին, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց: Հղումներ օգտագործելու դեպքում հատկանիշների բնութագիրը պետք է պարունակի «կամ համարժեք» բառերը: