Հոդված 15. Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումը
Հոդված 15. Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումը
1. Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումն իրականացնում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը չի կարող ներգրավվել գնման գործընթացներում, լինել պայմանագրի կողմ, բացառությամբ իր կարիքների համար իրականացվող գնումների:
2. Գնումների գործընթացի կարգավորման և համակարգման աշխատանքների կազմակերպման նպատակով լիազորված մարմինը`
1) համակարգում է գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները և ընդունում կամ ներկայացնում է դրանք հաստատման.
2) իրականացնում է գնումների գործընթացի մեթոդական ղեկավարումը և դրա շրջանակում պատվիրատուներին մեթոդական օժանդակություն է ցուցաբերում գնումների գործի կազմակերպման հարցում.
3) ապահովում է պատվիրատուների գնումների համակարգողների մասնագիտական ուսուցման, շարունակական վերապատրաստման և որակավորման գնահատման համակարգի առկայությունը.
4) կազմակերպում է տեղեկագրի հրապարակումը.
5) համակարգում է գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.
6) հաշվառում է պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքները.
7) հրապարակում է`
ա. պետական գնումների տարեկան հաշվետվությունը,
բ. գնումների որակավորված մասնագետների (անձանց) ցուցակը:
3. Պատվիրատուի ղեկավարի կողմից սահմանվում է գնումների համակարգող, որը`
1) պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.
2) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ.
3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.
4) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:
4. Գնումների համակարգող կարող են սահմանվել պատվիրատուի`
1) համապատասխան ստորաբաժանումը.
2) պաշտոնատար անձը կամ անձինք.
3) հրավիրած անձը` խորհրդատուն կամ խորհրդատուները:
5. Գնումների համակարգող ստորաբաժանման աշխատակիցները, պաշտոնատար և հրավիրված անձինք պետք է ընդգրկված լինեն լիազորված մարմնի կողմից հրապարակվող գնումների որակավորված մասնագետների ցուցակում: Նշված ցուցակում անձինք ընդգրկվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացության գնահատման նպատակով լիազորված մարմնի կազմակերպած քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո: