Հոդված 30. Հայտերի բացումը
Հոդված 30. Հայտերի բացումը
1. Հայտերը բացվում են հրավերում նշված պահին` հայտերի բացման նիստում: Հայտերի բացման օրը և ժամը պետք է համընկնեն դրանք ներկայացնելու վերջնաժամկետին: Սահմանափակ ընթացակարգի հայտերը հրավեր ստացած բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության դեպքում կարող են բացվել մինչև հրավերում նշված ժամկետը լրանալու օրը:
2. Հայտերի բացման նիստում հրապարակվում են`
1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր մասնակցի անվանումը (անունը).
2) տեղեկություններ` հայտեր պարունակող ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ.
4) տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.
5) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը` տառերով և թվերով արտահայտված.
6) տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ փոփոխությունների մասին:
3. Հայտերը բացվելուց հետո կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունը ստորագրում են գնահատող հանձնաժողովի նիստին ներկա անդամները: Արձանագրությունը պարունակում է`
1) տեղեկություն` հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին.
2) հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները (անունները) և հասցեները.
3) տվյալներ` ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության մասին.
4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության մասին.
5) տվյալներ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին.
6) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը.
7) տվյալներ` առաջին և հաջորդաբար այլ տեղեր զբաղեցրած մասնակիցների վերաբերյալ.
8) գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.
9) տեղեկատվություն` հայտերի վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.
10) հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.
11) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:
4. Եթե գնահատող հանձնաժողովի անդամը և (կամ) մասնակիցը հայտերի բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել հայտերի բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` նիստի ընթացքում, որը կցվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված արձանագրությանը:
5. Մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել գնահատող հանձնաժողովի նիստերին: Մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կարող են պահանջել գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, որոնք տրամադրվում են մեկ օրացուցային օրվա ընթացքում: Պատվիրատուն պարտավոր է ապահովել մասնակիցների կողմից որպես գաղտնի նշված տեղեկությունների գաղտնիությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում դրանց հրապարակման հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված` պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների:
6. Հայտերի բացման նիստից անմիջապես հետո տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող հանձնաժողովի անդամը ինքնաբացարկ է հայտնում տվյալ ընթացակարգից, հակառակ դեպքում նրան բացարկ է հայտնում հանձնաժողովի նախագահը: Եթե տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունի հանձնաժողովի նախագահը, ապա նա հայտնում է ինքնաբացարկ` բացառելով իր մասնակցությունը տվյալ ընթացակարգին, իսկ տվյալ ընթացակարգում նրան փոխարինում է հանձնաժողովի մեկ այլ անդամ: Հանձնաժողովի անդամները ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն:
7. Հայտերի բացման նիստի օրվան հաջորդող օրացուցային օրվա ընթացքում հայտերի բացման նիստի արձանագրության պատճենները տրամադրվում են այն մասնակիցներին, որոնք կամ որոնց ներկայացուցիչները չեն մասնակցել այդ նիստին: