Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-06-ից մինչև 2026-04-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ, ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 40.2. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպումը

գործել է մինչև 2026-04-26Բացել ARLIS-ում

Հոդված 40.2 Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպումը

1. Հանձնաժողովը կազմակերպում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը։

2. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից և իրականացվում Հանձնաժողովի կողմից բաց մրցույթով ընտրված աուդիտորական կազմակերպությունների կողմից։

3. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթն անցկացվում է կուսակցության տարեկան հաշվետվության ներկայացումից հետո՝ մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը: Բաց մրցույթի արդյունքներն ամփոփվում են մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվելուց ոչ շուտ, քան 14 օր հետո, բացառությամբ նոր մրցույթ հայտարարվելու դեպքերի: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է սահմանել բաց մրցույթի անցկացման՝ սույն հոդվածով նախատեսված ժամկետի համեմատ առավել կարճ ժամկետ: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում, ինչպես նաև տվյալ կուսակցության տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում սույն օրենքով և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթին վերաբերող ժամկետները կարող են համապատասխանաբար հետաձգվել:

4. Բաց մրցույթի արդյունքում Հանձնաժողովը յուրաքանչյուր կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի նպատակով ընտրում է աուդիտորական կազմակերպությունների, որոնց միջև վերջնական ընտրությունն իրականացվում է հրապարակային վիճակահանության միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցել և ընտրվել է միայն մեկ աուդիտորական կազմակերպություն։

5. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները սահմանում է Հանձնաժողովը: Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը պետք է հնարավորինս երաշխավորի մեկ կուսակցության հաշվետվության աուդիտի իրականացման համար մի քանի աուդիտորական կազմակերպությունների մասնակցության հնարավորությունը՝ ապահովելով ընտրված աուդիտորական կազմակերպությունների միջև հրապարակային վիճակահանությունը:

(40.2-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-5-Ն, խմբ. 04.05.22 ՀՕ-117-Ն, խմբ., փոփ. 05.12.24 ՀՕ-519-Ն)

(29.12.20 ՀՕ-5-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(04.05.22 ՀՕ-117-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։