Հոդված 25.2
Հոդված 25.2.
Օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պատրաստի արտադրանքի, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում ավելացված արժեքի հարկ վճարողից գանձվում է տուգանք պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով:
Հաշվետու տարվա որևէ ամսում ապրանքների, արտադրանքի, ծառայությունների և ակտիվների իրացումից հասույթի (զուտ հասույթը` առանց անուղղակի հարկերի) կամ «բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի և ներմուծման հարկային հայտարարագրերում նշվող ավելացված արժեքի հարկի հարկման բազայի արժեքի հանրագումարով 100 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածով սահմանված չափագրման արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պատրաստի արտադրանքի, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով:
Սույն հոդվածով նախատեսված խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքները արտադրանքի, ապրանքների պակասորդի մասով հանդիսանում են վերջնական հարկային պարտավորություններ:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքը չի կիրառվում օրենքով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարողների նկատմամբ` գործունեության այդ տեսակների մասով:
(25.2-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն, փոփ., լրաց. 16.05.16 ՀՕ-80-Ն)