Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2024-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության լիազորությունները

գործել է մինչև 2024-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`

1) մասնակցում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների, ներառյալ` ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի մշակմանն ու վերանայմանը.

2) իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրում և գնահատում է ռազմաքաղաքական իրադրությունը, ռազմական սպառնալիքների և Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության աստիճանը, իրականացնում է ռազմաքաղաքական և պաշտպանական ոլորտներում հետախուզական գործունեության կազմակերպումն ու ապահովումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում պաշտպանության ծախսերի վերաբերյալ.

4) վերահսկում է զինված ուժերի և այլ զորքերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորահավաքային ռեսուրսների հաշվառման ու հավաքագրման, զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, զինվորական կարգապահության և հայրենասիրական դաստիարակության գործընթացը.

5) ապահովում է զինված ուժերի զարգացման պլանով սահմանված միջոցառումների իրականացումը.

6) վարում է զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգ.

7) իրականացնում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների, զորահավաքային զորակոչի անցկացումը, զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացը.

8) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների և ստորաբաժանումների` սպառազինության ու ռազմական տեխնիկայի պաշարների կուտակմանն ու բաշխմանն ուղղված գործունեության նկատմամբ.

9) իրականացնում է զինված ուժերի կարիքների համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի ու նյութական պաշարների գնումները, կառավարում է զինված ուժերի զորանոցաբնակելի ֆոնդը, հսկողություն է իրականացնում զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի այլ մարմինների կողմից ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտագործման նկատմամբ.

10) կազմակերպում է զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութատեխնիկական միջոցների պահեստային տնտեսության կառավարման և այդ միջոցների կենտրոնացված փոխադրումների գործընթացը.

11) ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի ֆինանսական կառավարման և հսկողության, ներառյալ՝ հաշվապահական հաշվառման, ակտիվների և պարտավորությունների կառավարման համակարգերի առկայությունը, առաջարկություն է ներկայացնում հաշվապահական հաշվառումը կարգավորող լիազոր պետական մարմին՝ որպես հիմնական միջոց դասակարգված սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութատեխնիկական միջոցների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետների վերաբերյալ.

12) օրենքով սահմանված կարգով ապահովում է զինված ուժերում օրինականության պահպանումը, հանցագործությունների կանխարգելումը և պետական գույքի պահպանությունը.

13) մշակում և իրականացնում է զինված ուժերի անձնակազմի ծառայողական առաջխաղացումն ապահովող կադրային քաղաքականությունը, իր իրավասության սահմաններում ապահովում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանությունը.

14) ապահովում է պաշտպանության ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման և ընդունման գործընթացը.

15) իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական բնագավառներում.

16) ապահովում է ռազմական ուսուցման կազմակերպման գործընթացը և աջակցում է ռազմական գիտության զարգացման գործընթացներին, մասնակցում է հանրային տեղեկատվության ոլորտում և կրթության զարգացման պետական ծրագրերում ընդգրկելու համար բնակչության հայրենասիրական դաստիարակության չափորոշիչների մշակմանը, իրականացնում է պաշտպանության ոլորտում հանրային իրազեկում.

17) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը`

1) պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավարումը, ապահովում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը.

2) կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը.

3) համակարգում է զինված ուժերի կիրառման գործընթացը՝ զինված ուժերի կիրառման պլանի համաձայն.

4) հաստատում է զինված ուժերի մարտական և շարային կանոնադրությունները, զինվորական հաշվառումը վարելու հրահանգը, հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների թվաքանակը.

5) հաստատում է զինծառայողների կողմից մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն իրականացնելու, զենքի, ռազմամթերքի, ռազմական այլ գույքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների ու նյութերի հետ վարվելու և պահպանության, տրանսպորտային միջոցների և մարտական տեխնիկայի վարման ու շահագործման, թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները, զինծառայողների որակավորումների տեսակները և դրանց շնորհման կարգը.

6) սահմանում է սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաներն ու ժամկետները.

7) սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում զինծառայողներին սեփականության իրավունքով հատկացվող և սեփականության իրավունքով հատկացման ոչ ենթակա բնակելի տարածությունների ծառայողական ֆոնդի ցանկերը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդունում է զինծառայողներին սեփականության իրավունքով բնակելի տարածությունների հատկացման մասին հրամաններ.

8) սահմանում է Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններում սպայական կազմի պատրաստության կարգը, ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացնելու ժամկետները, ռազմաուսումնական հաստատություններից սովորողներին ազատելու (հեռացնելու), վերականգնելու կամ նույն կուրսում թողնելու կարգը.

9) ներկայացնում է առաջարկություններ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու և պաշտոններից ազատելու, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու վերաբերյալ.

10) իրեն կից ստեղծում է խորհրդակցական մարմիններ՝ նախարարության կոլեգիա ու հասարակական խորհուրդ, և հաստատում է դրանց աշխատակարգերը.

11) հաստատման է ներկայացնում`

ա. զինված ուժերի կառուցվածքը և թվաքանակը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունները,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառվող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերին վերաբերող պլաններն ու ծրագրերը,

գ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերը, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը,

դ. զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը.

12) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կառավարչական իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնները կարող են հանդիսանալ նաև զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական խմբի պաշտոններ, որոնց թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.07.20 ՀՕ-383-Ն, լրաց. 28.10.20 ՀՕ-466-Ն, խմբ. 07.07.22 ՀՕ-334-Ն)

(հոդվածը գործում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից` համաձայն 07.07.22 ՀՕ-334-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.07.22 ՀՕ-334-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։