Հոդված 7
Հոդված 7.
Զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելու կարգը
1. Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում ներառվում է զինծառայողի` սույն օրենքով սահմանված զինվորական ծառայության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը: Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային հաշվարկով: Օրենքով կարող է սահմանվել նաև զինվորական ծառայության ժամկետի արտոնյալ հաշվարկ:
2. Զինվորական ծառայության ժամկետում չեն հաշվարկվում զինծառայողի`
1) ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու ժամանակահատվածը.
2) ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածը.
3) զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ օրենքով սահմանված կարգով ապացուցված ինքնախեղման կամ դիտավորությամբ իր առողջական վիճակն այլ եղանակով վատթարացրած զինծառայողի բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածները` անկախ պատճառներից, ինչպես նաև զինծառայողի պահանջով իր առողջական վիճակի կրկնակի հետազոտման մեջ գտնվելու ժամանակահատվածը, եթե հետազոտման արդյունքներով զինծառայողի բուժման անհրաժեշտությունը բացակայում է.
4) ռազմաուսումնական հաստատություններից կարգապահական տույժի կարգով կամ անբավարար առաջադիմության կամ ուսումնառությունից հրաժարվելու համար հեռացված կուրսանտների ուսման կամ սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում պայմանագրային զինվորական ծառայության ժամանակահատվածը` սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում.
5) սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձի կողմից պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում պայմանագրից հրաժարվելու դեպքում՝ սույն օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն ամսական արձակուրդում գտնվելու օրերը՝ սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում.
6) սույն օրենքի խախտմամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցած լինելու ժամանակահատվածը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում պարտադիր զինծառայության սահմանված ժամկետը լրացվում է բաց թողնված օրացուցային օրերի քանակով` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում նշված ժամկետները հաշվարկվում են զինծառայողի զինվորական ծառայության ժամկետում, եթե զինծառայողն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ: