Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-10-13-ից մինչև 2022-10-13։Բացել գործող տեքստը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 11 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԸ

Հոդված 54. Պայմանագրային զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու հիմքերը

գործել է մինչև 2022-10-13Բացել ARLIS-ում

Հոդված 54. Պայմանագրային զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու հիմքերը

1. Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է`

1) երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելիս.

2) զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալիս.

3) պայմանագրի ժամկետը լրանալիս.

4) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս.

5) հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման դեպքում, եթե առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի և չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ.

6) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու դեպքում, եթե առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի և չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ.

7) «զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժ կիրառելիս.

8) մինչև պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելիս, եթե չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ.

9) ռազմաուսումնական հաստատությունից կամ սպայական կամ սերժանտական դասընթացներից կամ ակադեմիական ուսումնառությունից կամ պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական կամ բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատությունից (այսուհետ՝ ուսումնառություն) իր դիմումի համաձայն ազատվելիս կամ անբավարար առաջադիմության կամ անկարգապահության հիմքով հեռացվելիս, եթե չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ.

10) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելիս կամ զինվորական կոչումից զրկվելիս.

11) զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերի հիման վրա պայմանագրային զինծառայողն արձակվում է զինվորական ծառայությունից, եթե սույն օրենքով սահմանված կարգով նրա հետ չի կնքվում հերթական պայմանագիր:

3. Սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող պայմանագրային զինծառայողների համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-8-րդ կետերով սահմանված հիմքերով հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով՝ ուսումնառության ընթացքում, պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանք՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց ամսական նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով տուժանքի ձևով: Սույն մասով սահմանված իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած պայմանագրային զինծառայողը սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ուղարկվում է պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու, իսկ պետական լիազոր մարմնի պատվերով, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունում, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատության ռազմաբժշկական ֆակուլտետում ուսումնառություն անցած կամ անցնող զինծառայողների համար ծագում է նաև համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության վճարովի համակարգում տվյալ մասնագիտության գծով ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը բարձրագույն ուսումնական հաստատությանը վճարելու պարտավորություն:

(54-րդ հոդվածը լրաց. 04.06.19 ՀՕ-57-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։