Հոդված 19
Հոդված 19.
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպումը
1. Պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ գիտության և կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիները՝ մինչև 28 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27, 28 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում:
2. Պարտադիր զինվորական ծառայության ենթակա չէ այն քաղաքացին, որը նախկինում դատապարտվել է ազատազրկման` ծանր կամ առանձնապես ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորությամբ կատարած հանցագործության համար և ազատազրկման ձևով պատիժ է կրել երեք տարուց ոչ պակաս ժամկետով, կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 198-րդ կամ 201-րդ կամ 393-րդ կամ 402-րդ կամ 463-րդ կամ 465-րդ կամ 467-րդ կամ 526-րդ կամ 527-րդ հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու համար:
3. Հայտարարված զորակոչի ժամանակ պարտադիր զինվորական ծառայության չի կարող զորակոչվել այն անձը, որը պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության:
4. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը և սույն օրենքով նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման մասին:
5. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամկետը, զորակոչի ենթակա անձանց թվաքանակը և այն զինվորական հաշվառական մասնագիտությունը, որն ունեցող պահեստազորի սպայական կազմի քաղաքացիները ենթակա են զորակոչի, ինչպես նաև նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած սպաների զորացրման մասին:
6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության համապատասխան զորակոչերի կազմակերպման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից տրվում է զորակոչի անցկացման և սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման:
(19-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-344-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-162-Ն, լրաց. 05.10.22 ՀՕ-364-Ն)