Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-23-ից մինչև 2023-01-01։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸԳլուխ 5 · ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Հոդված 21

գործել է մինչև 2023-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 21.

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը`

1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.

2) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն.

3) ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:

2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացին ազատվում է նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ու 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:

3. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը`

1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.

2) մինչև պահեստազորի սպայական կազմ որակավորվելն անցել է պարտադիր զինվորական ծառայություն:

4. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացին ազատվում է նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով ու 24-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում:

5. Սույն հոդվածով չնախատեսված այլ հիմքով քաղաքացին կարող է բացառիկ դեպքերում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն մասի համաձայն ներկայացված՝ քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կարող է մերժել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը՝ սույն մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախատեսված դեպքերում:

5.1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը, որպես օտարերկրյա քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել որևէ մարզաձևի՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որևէ տարիքային խմբում) հանդես գալու համար և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:

5.2. Սույն հոդվածի 5.1-ին մասով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար քաղաքացին կամ համապատասխան ֆեդերացիան մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը դիմում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին, որը մեկամսյա ժամկետում պարզում է ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն հոդվածի 5.1-ին մասին և միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որը քաղաքացուն ազատում է պարտադիր զինվորական ծառայությունից՝ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի միջնորդությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

6. Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից անկախ այլ պետությունում ծառայելու հանգամանքից:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք ունեցող քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքից և սույն օրենքով սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:

(21-րդ հոդվածը լրաց. 12.07.18 ՀՕ-370-Ն, 04.06.19 ՀՕ-57-Ն, խմբ., լրաց. 12.04.22 ՀՕ-104-Ն, լրաց. 05.10.22 ՀՕ-363-Ն)

(05.10.22 ՀՕ-363-Ն օրենքի փոփոխությունը կգործի մինչև 2023 թվականի հունվարի 31-ը նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։