Հոդված 47. Պայմանագրային սպայական կազմի զինծառայողների ատեստավորումը
Հոդված 47. Պայմանագրային սպայական կազմի զինծառայողների ատեստավորումը
1. Պայմանագրային սպայական կազմի զինծառայողների (բացառությամբ բարձրագույն սպայական կազմի) ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում:
2. Պայմանագրային սպայական կազմի զինծառայողը ատեստավորվում է պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ, բայց զինվորական ծառայության յուրաքանչյուր երեք տարվա ընթացքում` առնվազն մեկ անգամ, ինչպես նաև զինծառայողին՝
1) ռազմաուսումնական հաստատություն, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա, ինտերնատուրա ուսումնառության գործուղելիս և ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ զինվորական պաշտոնի նշանակելիս.
2) բարձր պաշտոնի նշանակելիս:
3. Ատեստավորման ենթակա չեն`
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող զինծառայողները.
2) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողները: Նշված զինծառայողներն ատեստավորման ենթակա են ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց մեկ տարի հետո:
4. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում կամ գործուղման կամ բուժման մեջ գտնվող զինծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:
5. Ատեստավորման արդյունքներով կայացվում են հետևյալ որոշումները՝
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) երաշխավորվում է նշանակվելու բարձր պաշտոնի.
3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և ենթակա է նշանակվելու ցածր պաշտոնի.
4) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված համապատասխան դեպքերում՝
ա. երաշխավորվում է ուսումնառության գործուղման կամ ենթակա չէ ուսումնառության գործուղման,
բ. ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ երաշխավորվում է նշանակվելու մինչև ուսումնառության գործուղվելը զբաղեցրած պաշտոնից բարձր պաշտոնի կամ նպատակահարմար է նշանակել մինչև ուսումնառության գործուղվելը զբաղեցրած պաշտոնին հավասար պաշտոնի.
5) սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում երաշխավորվում է նշանակվելու բարձր պաշտոնի կամ ենթակա չէ նշանակվելու բարձր պաշտոնի:
6. Ատեստավորվող զինծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և վերադասության կարգով բողոքարկելու դրանք ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո` ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
7. Ատեստավորման ենթակա զինծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
8. Ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաև ատեստավորման հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: