Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-01-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Զինապարտության կատարման ապահովումը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Զինապարտության կատարման ապահովումը

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) ժամանակին և սահմանված ձևով վարել զինապարտների գրանցամատյանը, զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակները ներկայացնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ, ինչպես նաև տրամադրել հաշվառումից հանվելու, աշխատանքի (ուսումնական հաստատություն) ընդունվելու, տեղափոխվելու, ազատվելու (հեռացվելու) վերաբերյալ տվյալները.

բ) համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին.

գ) զինապարտներին ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` զինվորական ծառայության կամ զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված անհրաժեշտ ժամանակով:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինները պարտավոր են`

ա) զինապարտներին անձնագիր տալու կամ փոխանակելու (բացառությամբ արտերկրում գտնվող պահեստազորայինների), ըստ բնակության վայրի հաշվառելու կամ հաշվառումից հանելու գործողությունները կատարել նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում: Նախազորակոչային տարիքի զինապարտների անձնագրերն օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշումը կատարել մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամանակով.

բ) զինվորական կոմիսարիատներին աջակցել զինապարտներին զորակոչելու, վարժական հավաքի կանչելու և հաշվառելու գործում:

3. Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները մեկշաբաթյա ժամկետում պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել հաշմանդամ ճանաչված բոլոր զինապարտների մասին` անկախ հաշմանդամության խմբից:

4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել քաղաքացիական կացության ակտերում զինապարտների կողմից իրենց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը փոխելու, ինչպես նաև նրանց մահվան գրանցման մասին տվյալները:

5. Հետաքննության և նախաքննության մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել այն զորակոչիկների մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել, իսկ դատարանները` նշված անձանց վերաբերյալ` օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և վերջնական որոշումների մասին:

Ազատազրկման կամ կալանքի դատապարտված զորակոչիկների հաշվառման վկայականները, զինծառայողների զինվորական գրքույկներն ու դատավճռի պատճենները դատարաններն ուղարկում են համապատասխան զինվորական կոմիսարիատ` դատավճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

Քրեակատարողական հիմնարկները պարտավոր են ազատազրկման դատապարտված կամ ազատազրկման վայրից արձակված զինապարտների մասին մեկշաբաթյա ժամկետում հայտնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ:

6. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինները պարտավոր են`

ա) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից ստացված իրազեկման հիման վրա դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման կանգնած զորակոչիկին ծանուցել դիվանագիտական մարմին կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու համար և ներկայացած անձանց ստորագրությամբ ծանուցագիր հանձնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու մասին.

բ) դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման կանգնած զինապարտի վերաբերյալ տվյալները հաշվառման կանգնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ.

գ) իրենց իրավասությունների շրջանակներում աջակցել նախազորակոչիկների և զորակոչիկների վերադարձին Հայաստանի Հանրապետություն:

7. Պաշտոնատար անձանց կողմից զինապարտության կատարման ապահովմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(4-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 01.06.06 ՀՕ-128-Ն, խմբ. 30.04.09 ՀՕ-102-Ն, փոփ., լրաց., խմբ. 18.11.09 ՀՕ-215-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-38-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։