Հոդված 30. Զինծառայողների նյութական ապահովությունը
Հոդված 30. Զինծառայողների նյութական ապահովությունը
Զինծառայողները պետական բյուջեի, իսկ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող ստորաբաժանումների զինծառայողները` մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող միջոցների հաշվին ստանում են դրամական բավարարում, ինչպես նաև պարենային և հանդերձանքի ապահովություն կամ դրա փոխարեն` դրամական փոխհատուցում` իրենց ցանկությամբ:
Զինծառայողների դրամական բավարարում, պարենային և հանդերձանքի ապահովություն ստանալու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պետական մարմիններ, հիմնարկներ, ձեռնարկություններ և ուսումնական հաստատություններ աշխատանքի գործուղված զինծառայողների համար պահպանվում են նյութական ապահովության, երաշխիքների և արտոնությունների բոլոր ձևերը: (նախադասությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-49-Ն)
Առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին տրվում է դրամական օգնություն`
մինչև 10 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման հնգապատիկի չափով.
10-ից 15 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման տասնապատիկի չափով.
15-ից 20 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման տասնհինգապատիկի չափով.
20-ից ավելի տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման քսանապատիկի չափով.
Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 75 տոկոսի չափով, իսկ նշված կազմից երկկողմանի ծնողազուրկ (որբ) զինծառայողներին` հիմնական կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով:
Դրամական օգնություն չի տրվում դիտավորյալ հանցագործության համար դատապարտված կամ կարգապահական խախտում թույլ տալու համար ծառայությունից արձակված (ազատված) զինծառայողներին: Դատապարտված անձանց նկատմամբ հետագայում արդարացման դատավճիռ կայացվելու դեպքում դրամական օգնությունը ենթակա է վճարման, ընդ որում, դրամական օգնության չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում զինծառայողին աշխատանքից ազատելու պահը:
Առողջության, տարիքի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, դրամական օգնություն ստացած և հետագայում զինվորական ծառայությունում վերականգնված զինծառայողներին, սահմանված կարգով նորից արձակվելու (ազատվելու) դեպքում, դրամական օգնությունը վճարվում է արձակվելու (ազատվելու) կամ կենսաթոշակի անցնելու պահին դրամական բավարարման նկատմամբ սահմանված և նախկինում վճարված դրամական բավարարման բազմապատիկների տարբերության չափով:
Ծառայության ժամկետը լրանալու պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), դրամական օգնությունը ստացած և կրկին ծառայության անցած զինծառայողներին` ժամկետը լրանալու կապակցությամբ դրամական օգնությունը վճարելիս կիրառվում են սույն հոդվածով սահմանված ժամկետները և չափերը: Հերթական անգամ վճարվող և նախկինում վճարված դրամական օգնությունների բազմապատիկների հանրագումարը չի կարող ծառայության ընդհանուր ստաժի տվյալ խմբի համար սահմանված դրամական բավարարման բազմապատիկից ավելի լինել:
Դրամական օգնության վճարման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) տարվա ընթացքում մեկ անգամ վճարվում է նաև`
ա) ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում դրամական օգնություն պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի 50 տոկոսի չափով, եթե նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 50-100 կմ է, պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի 100 տոկոսի չափով, եթե այդ հեռավորությունը 100 կմ և ավելի է, իսկ զինծառայողի ընտանիքի` նրան ուղեկցող յուրաքանչյուր անդամին դրամական օգնությունը վճարվում է վերը նշված դրույքաչափերի 25 տոկոսի չափով.
բ) միանվագ դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի կրկնակին չգերազանցող չափով` համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ:
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տարվա ընթացքում կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:
(30-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-35-Ն, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-49-Ն, լրաց. 25.12.06 ՀՕ-25-Ն, փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-248-Ն)