Հոդված 21. Կադրերի տրամադրության տակ թողնելու կարգը
Հոդված 21. Կադրերի տրամադրության տակ թողնելու կարգը
1. Պայմանագրային զինծառայողները թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային մարմնի) տրամադրության տակ, միայն հետևյալ դեպքերում.
1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ զինվորական պաշտոնից ազատվելիս՝ 2 ամսից ոչ ավելի.
2) զինծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցվելիս՝ մինչև տվյալ գործով վերջնական որոշման կայացվելը.
3) ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայողի՝ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս՝ մինչև բուժման ավարտը (ներառյալ՝ արձակումը ձևակերպելու ժամկետը), բայց ռազմաբժշկական փորձաքննության կանոնադրությամբ սահմանված ժամկետից ոչ ավելի.
4) Հայաստանի Հանրապետության զինված ուժերից այլ զորքեր տեղափոխվելիս (և ընդհակառակը)՝ 3 ամսից ոչ ավելի.
5) մեկ ամսից ավելի անհայտ բացակայելիս՝ մինչև վերադառնալը կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը.
6) գերության մեջ գտնվելիս՝ մինչև ազատվելը.
7) զորամասի (զինվորական կառավարման մարմնի) լուծարվելու կապակցությամբ, հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող կին զինծառայողի զբաղեցրած պաշտոնը կրճատվելիս՝ մինչև արձակուրդի ավարտը:
2. Կալանավորված զինծառայողները կադրային մարմնի տրամադրության տակ վերցվում են նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվելու օրվանից: