Հոդված 23. Զինծառայողներին ծառայության նոր վայր տեղափոխելու և գործուղելու կարգը
Հոդված 23. Զինծառայողներին ծառայության նոր վայր տեղափոխելու և գործուղելու կարգը
1. Զինծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում (փոխադրվում) է հետևյալ դեպքերում.
1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.
2) առաջխաղացման կարգով.
3) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն.
4) ընտանեկան դրության բերմամբ (պայմանագրային զինծառայողը՝ իր խնդրանքով).
5) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.
6) պլանային փոխարինման կապակցությամբ (պայմանագրային զինծառայողը).
7) ռազմաուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունվելու կապակցությամբ.
8) ռազմաուսումնական հաստատությունից, ասպիրանտուրայից (ադյունկտուրայից), դոկտորանտուրայից հեռացվելու պատճառով.
9) եթե կատարած հանցագործության համար նշանակվել է զինվորական ծառայությունը սահմանափակելու հետ կապված պատիժ և նրան չի կարելի թողնել զինծառայողներին ղեկավարելու հետ կապված պաշտոնի:
2. Պայմանագրային զինծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխվում է ծառայության նոր վայր, հավասար պաշտոնի նշանակմամբ: Տեղափոխությունը կատարվում է առանց զինծառայողի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի (կին, անչափահաս, մինչև 23 տարեկան՝ սովորող, հաշմանդամ երեխա, խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող անձ) համար, ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, տեղափոխման վայրը հակացուցված է:
3. Պայմանագրային զինծառայողը ծառայության նոր վայր փոխադրվում է նաև առաջխաղացման կարգով՝ իր համաձայնությամբ բարձր պաշտոնի նշանակմամբ:
4. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողին ծառայության նոր վայր փոխադրում են առանց նրա համաձայնության:
5. Պայմանագրային զինծառայողի՝ ընտանեկան դրության բերմամբ ծառայության նոր վայր փոխադրումը կատարվում է՝
1) սույն հոդվածի երկրորդ մասում նշված հիմքերի առկայությամբ.
2) բնակության վայրի պետական բժշկական-սոցիալական փորձաքննության մարմնի եզրակացության համաձայն՝ առանձին ապրող հոր, մոր, քրոջ, եղբոր, պապի, տատի, որդեգրողի մշտական կողմնակի խնամքի անհրաժեշտությունից ելնելով:
6. Պայմանագրային զինծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր փոխադրելու դեպքում միաժամանակ որոշում է կայացվում նշված բնակավայր փոխադրել նաև ամուսնուն (կնոջը), եթե փոխվում է ընտանիքի բնակության վայրը: Եթե հնարավոր չէ զինծառայող ամուսիններին միաժամանակ նշանակել զինվորական պաշտոնների, կամ եթե նրանցից մեկը չի զորացրվում, ապա ծառայության նոր վայր փոխադրումը չի կատարվում:
7. Զինծառայողը ծառայության նոր վայր մեկնում է գործերն ու պաշտոնը հանձնելուց հետո՝ փոխադրման հրամանն ստանալու օրվանից ոչ ուշ՝ մեկամսյա ժամկետում, բացառությամբ արձակուրդում, գործուղման կամ բուժման մեջ գտնվելու դեպքի:
8. Անբավարար առաջադիմության, անկարգապահության և ուսումնառությունից հրաժարվելու պատճառով ռազմաուսումնական հաստատությունից հեռացված, ինչպես նաև հետուսումնական զինվորական ծառայությունից հրաժարված՝ 18 տարին լրացած կուրսանտը զորակոչվում կամ ուղարկվում է պարտադիր զինվորական ծառայության՝ ընդհանուր հիմունքներով:
Տվյալ դեպքում ուսումնառության ժամանակաշրջանը պարտադիր զինվորական ծառայություն չի հաշվվում՝ անկախ տևողությունից, իսկ մինչև ռազմաուսումնական հաստատություն ընդունվելը պարտադիր զինվորական ծառայության ժամանակաշրջանը հաշվվում է՝ ելնելով փաստացի տևողությունից:
9. Ռազմաուսումնական հաստատությունից, ասպիրանտուրայից (ադյունկտուրայից), դոկտորանտուրայից հեռացված պայմանագրային զինծառայողները վերադառնում են ծառայության նախկին վայր, և նրանց հետ կնքվում է նոր պայմանագիր՝ 3 տարուց ոչ պակաս ժամկետով, կամ նրանք զորացրվում են՝ համապատասխան պաշտոնատար անձի որոշմամբ:
10. Դատապարտված զինծառայողը չի կարող տեղափոխվել ծառայության նոր վայր՝ օրենքով սահմանված պատիժը կրելու ընթացքում: