Հոդված 15. Զինվորական պաշտոնի նշանակելու կարգը
Հոդված 15. Զինվորական պաշտոնի նշանակելու կարգը
1. Սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների զբաղեցրած պաշտոններն ու դրանց համապատասխանող զինվորական կոչումները նախատեսվում և սահմանվում են հատուկ հաստիքացուցակներով:
2. Զինվորական պաշտոնները բաժանվում են հրամանատարականի և ոչ հրամանատարականի:
Հրամանատարական կազմի պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) բարձրագույն հրամանատարական.
2) ավագ հրամանատարական.
3) միջին հրամանատարական.
4) կրտսեր հրամանատարական:
Ոչ հրամանատարական կազմի պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) բարձրագույն սպայական.
2) ավագ սպայական.
3) կրտսեր սպայական.
4) ենթասպայական.
5) շարքային:
Բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ հրամանատարական և ոչ հրամանատարական կազմերի մյուս պաշտոններինը՝ պետական լիազոր մարմնի ղեկավարը:
Բարձրագույն կրթություն չունեցող ենթասպաները միջին հրամանատարական և սպայական պաշտոնի կարող են նշանակվել միայն բացառիկ դեպքերում:
3. Բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնի կարող է նշանակվել այն զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի (այլ զորքերի) ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում:
Ավագ հրամանատարական կազմի պաշտոնի կարող է նշանակվել այն զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն 3 տարի զբաղեցրել է միջին հրամանատարական կամ ավագ սպայական (ընդհանուրի մեջ մեկ տարին միջին հրամանատարական) կազմի պաշտոն և ունի բարձրագույն զինվորական (մասնագիտական) կրթություն:
Միջին հրամանատարական կազմի պաշտոնի կարող են նշանակվել բարձրագույն կրթությամբ կրտսեր սպայական կոչում ունեցող զինծառայողները:
Կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնների նշանակվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժեր (այլ զորքեր) զորակոչված բարձրագույն (, իսկ ենթասպայական կամ շարքային կոչում ունեցողները՝ միջնակարգ) կրթություն ունեցող և ուսումնական հավաքներն ավարտած զինծառայողները:
Ավագ և միջին հրամանատարական կազմերի զինվորական պաշտոններում առաջխաղացումը կատարվում է որակավորման կարգով:
4. Շարքային, ենթասպայական և սպայական (կրտսեր և ավագ) կազմերի զինծառայողների հաստիքային պաշտոնի նշանակումները կադրային մարմինը կատարում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
5. Զինվորական պաշտոնի նշանակվում է այն զինծառայողը, որը համապատասխանում է տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջներին՝ հաշվի առնելով զինծառայողի համապատասխանությունը, մասնագիտական ու ծառայողական ունակությունները, հոգեբանական որակները, առողջական վիճակը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ:
Որպես կանոն, զինծառայողը նշանակվում է իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող պաշտոնի՝ հաշվի առնելով ծառայողական գործունեության փորձը: Զինծառայողի՝ նոր զինվորական մասնագիտական պաշտոնի նշանակմանը պետք է նախորդի համապատասխան վերապատրաստումը:
Ավագ և միջին հրամանատարական կազմերի պաշտոններ զբաղեցնող զինծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ անգամ՝ Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում:
6. Ռազմաուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունված կամ 6 ամիսը գերազանցող ժամկետով Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական հաստատությունում վերապատրաստում անցնող զինծառայողներն ազատվում են նախկինում զբաղեցրած պաշտոնից և համապատասխանաբար նշանակվում կուրսանտի, ունկնդրի կամ նշված ուսումնական հաստատության սովորողի համար նախատեսված այլ զինվորական պաշտոնի:
7. Ռազմաուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա չընդունված զինծառայողը վերադառնում է նախկին ծառայության վայր և նշանակվում մինչ ուսման գործուղվելն զբաղեցրած պաշտոնին:
8. Ռազմաուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ավարտած զինծառայողը նշանակվում է իր կրթությանը համապատասխանող հաստիքով նախատեսված զինվորական պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նախկինում զբաղեցրածից ոչ ցածր պաշտոնի:
(15-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-59-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-273-Ն)