Հոդված 26. Զինծառայողների գործուղման կարգը և զինվորական ծառայության անցման առանձնահատկությունները
Հոդված 26. Զինծառայողների գործուղման կարգը և զինվորական ծառայության անցման առանձնահատկությունները
1. Սպայական և ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողները գործուղվում են պետական մարմիններ, կազմակերպություններ, հիմնարկներ և ուսումնական հաստատություններ (այսուհետ՝ կազմակերպություններ)՝ հետագա ծառայությունը շարունակելու օրենքով սահմանված կարգով:
2. Սպաներին և ենթասպաներին գործուղում են նրանց համաձայնությամբ՝ համապատասխան կազմակերպության հարցման հիման վրա: Նշված զինծառայողներն այդ դեպքում ազատվում են զբաղեցրած պաշտոնից:
Գործուղված սպաների և ենթասպաների հետ նոր պայմանագիր կնքում է պետական լիազոր մարմնի կադրային մարմնի ղեկավարը: Ընդ որում, զինվորական ծառայության սահմանային տարիքի հասած սպաների և ենթասպաների հետ նոր պայմանագիր կնքվում է՝ հաշվի առնելով այն կազմակերպության ղեկավարի կարծիքը, որտեղ գործուղվել են:
3. Գործուղված սպայի և ենթասպայի զինվորական կոչման շնորհումը, զինվորական ծառայությունից արձակումը, շքանշաններով և մեդալներով պարգևատրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով՝ այն կազմակերպության ներկայացմամբ, որտեղ գործուղվել են, իսկ անհրաժեշտության դեպքում՝ գործուղող և ընդունող մարմինների համատեղ ներկայացմամբ:
4. Զբաղեցրած պաշտոնից ազատված՝ կազմակերպություններ գործուղված սպաներն ու ենթասպաներն ուղարկվում են գործուղող մարմին՝ նրանց հետագա զինվորական ծառայության վերաբերյալ որոշում ընդունելու համար: Զինվորական ծառայությունը շարունակելու ցանկություն չհայտնած սպան և ենթասպան արձակվում են զինվորական ծառայության զբաղեցրած պաշտոնից՝ առանց զինվորական պաշտոնի նշանակվելու:
Գործուղված սպան, ենթասպան զինվորական ծառայությունից արձակվում են անմիջականորեն տվյալ կազմակերպությունից՝ զինվորական ծառայության սահմանային տարիքի հասնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Նշված զինծառայողների զինվորական ծառայության ավարտի օր համարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերից (պետական լիազոր այլ մարմնից) արձակվելու օրը: