Հոդված 17. Բարձր պաշտոնի նշանակումը
Հոդված 17. Բարձր պաշտոնի նշանակումը
1. Զինծառայողը նշանակվում է բարձր պաշտոնի՝
1) ծառայության մեջ առաջխաղացման կարգով (պայմանագրային զինծառայողը՝ իր համաձայնությամբ).
2) մրցույթի կամ որակավորման արդյունքներով (պայմանագրային զինծառայողը).
3) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ:
Մրցութային կարգով նշանակման ենթակա պաշտոնների ցանկը, նշանակման կարգը և պայմանները սահմանում է պետական լիազոր մարմինը:
2. Բարձր պաշտոնի նշանակելիս նախապատվությունը տրվում է ծառայողական պարտականությունները կատարելիս մասնագիտական խոր իմացությամբ և կազմակերպչական առավել ունակություններով աչքի ընկած զինծառայողներին՝ որակավորման հանձնաժողովի եզրակացությամբ պաշտոնի նշանակվելու համար կամ, կազմակերպչական-հաստիքային միջոցառումների հետ կապված, նախկինում ցածր պաշտոնի փոխադրված զինծառայողներին:
3. Դատարանի օրինական` ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի դատապարտված և պատիժը պայմանականորեն չկիրառած զինծառայողը չի կարող բարձր պաշտոնի նշանակվել մինչև սահմանված փորձաշրջանի ավարտը, իսկ ազատազրկման հետ չկապված պատժի դատապարտված զինծառայողը` մինչև դատվածությունը հանելը կամ մարելը:
(17-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-59-Ն, լրաց., խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն)