Հոդված 10. Առաջին պայմանագիրը կնքելու կարգը
Հոդված 10. Առաջին պայմանագիրը կնքելու կարգը
1. Առաջին պայմանագիրը կնքվում է՝
1) նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների հետ, այդ թվում՝
- 20-40 տարեկան արական սեռի պահեստազորայինների, ներառյալ` սերժանտական դասընթաց անցնելու ցանկություն հայտնած անձանց,
- 18-40 տարեկան կանանց՝ անկախ պահեստազորում գտնվելու հանգամանքից.
2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողների հետ՝ սպայական դասընթաց ավարտելուց հետո` փոխադրելով սպայական կազմ:
3) սերժանտական դասընթաց ավարտած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ` փոխադրելով ենթասպայական կազմ.
4) ռազմաուսումնական հաստատություն ընդունված նախազորակոչային տարիքի քաղաքացու կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի հետ` ռազմաուսումնական հաստատությունում որպես կուրսանտ գրանցելու հետ միաժամանակ: Սույն կետով սահմանված նախազորակոչային տարիքի քաղաքացու հետ պայմանագիր կնքելու պարտադիր պայման է նրա ծնողների (խնամակալների կամ հոգաբարձուների) համաձայնությունը:
Առանձնահատուկ դեպքերում առաջին պայմանագիրը կարող է կնքվել նաև մինչև 45 տարեկան պահեստազորայինների հետ՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
2. Համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր կամ պայմանագրային զինծառայողների, ինչպես նաև պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա (ադյունկտուրա), կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա ընդունված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց հետ կնքվում է ուսումնառություն անցնելու մասին քաղաքացիաիրավական պայմանագիր, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր: Սույն մասում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են օրենքով սահմանված ժամկետում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու պարտավորությունների նախատեսումը:
3. (մասն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)
4. Կին զինծառայողը պայմանագրային զինվորական ծառայության ընդունվում է, եթե կա թափուր պաշտոն, որը կարելի է համալրել իգական սեռի զինծառայողով:
Կին զինծառայողի՝ տվյալ պաշտոնն զբաղեցնելու հարցը որոշում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը:
(10-րդ հոդվածը լրաց. 18.11.09 ՀՕ-214-Ն, լրաց., փոփ., խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն)