Հոդված 27. Որակավորման նպատակը, կազմակերպման և անցկացման կարգը
Հոդված 27. Որակավորման նպատակը, կազմակերպման և անցկացման կարգը
1. Պայմանագրային և պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայողների ճիշտ ընտրության, մասնագիտական ունակությունների բազմակողմանի և օբյեկտիվ գնահատման, զբաղեցրած զինվորական պաշտոնին համապատասխանելու և առաջխաղացման հեռանկարը որոշելու, ինչպես նաև պահեստազորում գտնվող քաղաքացիներին նախորոշելու նպատակով կատարվում է որակավորում:
2. Որակավորման կազմակերպման և անցկացման կարգն ու ժամկետները սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը:
3. Պայմանագրային զինծառայողը որակավորվում է պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, բայց զինվորական ծառայության յուրաքանչյուր 5 տարվա ընթացքում՝ առնվազն մեկ անգամ, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա կամ կլինիկական օրդինատուրա ավարտելիս:
Զինծառայողին բարձր պաշտոնի նշանակելու, պաշտոնն իջեցնելու, ուսման ուղարկելու, պետական պարգևով պարգևատրելու, վաղաժամկետ կամ զբաղեցրած պաշտոնով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր զինվորական կոչում շնորհելու դեպքերում անցկացվում է արտահերթ որակավորում և հանձնաժողովի կարծիքը գրառվում է ներկայացման (պարգևատրման) թերթիկի վրա:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված սպաների որակավորումն անցկացվում է պահեստազոր արձակելիս կամ նրանց հետ պայմանագիր կնքելիս:
4. Որակավորման թերթիկը կազմում է զինծառայողին որակավորող սպայական կազմի անմիջական (ուղղակի) պետը:
Զինծառայողը պետք է ծանոթանա որակավորման բովանդակությանը և ստորագրի հաստատված որակավորման թերթիկի համապատասխան մասում:
5. Զինծառայողին որակավորող հրամանատարը (պետը) պարտավոր է՝
1) բազմակողմանիորեն ուսումնասիրել և գնահատել որակավորվող զինծառայողի գործնական ու անհատական հատկանիշները.
2) կազմել զինծառայողի որակավորման եզրահանգումների տեքստը.
3) որակավորման թերթիկի բոլոր օրինակները ներկայացնել հաստատող մարմին՝ եզրակացության և հաստատման համար:
6. Որակավորվող զինծառայողի գործնական և անհատական հատկանիշներն ուսումնասիրող հրամանատարը (պետը) պարտավոր է՝
1) վերլուծել և գնահատել զինծառայողի պաշտոնեական պարտականությունների կատարման գծով աշխատանքային ստույգ ցուցանիշները, ենթակա զորամասի (ստորաբաժանման) կամ վստահված տեղամասի գործերի վիճակը.
2) որակավորվող զինծառայողի հետ անցկացնել անհատական զրույց՝ զինվորական ծառայության, մասնագիտական պատրաստության կատարելագործման, աշխատանքի ազդակների և մեթոդների վերաբերյալ.
3) որակավորվող զինծառայողին տալ անհրաժեշտ խորհուրդներ և հանձնարարականներ՝ թերությունները վերացնելու, անհատական պատրաստության, ծառայողական և պաշտոնեական պարտականությունների արդյունավետ կատարման վերաբերյալ:
7. Հրամանատարները (պետերը) անձնական պատասխանատվություն են կրում որակավորման օբյեկտիվության, հետևությունների և հանձնարարականների հիմնավորվածության համար:
8. Անմիջական պետերը պարտավոր են ապահովել որակավորման հետևությունների իրականացումը, ենթականերից պահանջել վերացնելու թերությունները և այդ գործում օժանդակել նրանց, կանխել չհիմնավորված ձգձգումները՝ օրինակելի զինծառայողներին բարձր պաշտոնի նշանակելիս:
9. Որակավորման անցկացման կարգը և արդյունքները կարելի է բողոքարկել վերադաս հրամանատարին (պետին)՝ արդյունքները հայտարարելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Բողոքը հիմնավորելու դեպքում որակավորման թերթիկում կատարվում է համապատասխան փոփոխություն, կամ լրացվում է նոր թերթիկ:
(27-րդ հոդվածը լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն)