Հոդված 51. Զինծառայողին ծառայությունից արձակելու հիմքերը
Հոդված 51. Զինծառայողին ծառայությունից արձակելու հիմքերը
1. Զինծառայողը ենթակա է զինվորական ծառայությունից արձակման՝
1) տարիքի կապակցությամբ՝ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու և սահմանային տարիքի հասնելու դեպքում.
2) պայմանագրի կամ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կապակցությամբ.
3) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելիս, եթե համապատասխան զորատեսակում չկան թափուր տեղեր և պահեստազոր արձակելու այլ հիմքեր.
4) դատարանի դատավճռով զինվորական կոչումից զրկվելու դեպքում.
5) ազատազրկման ձևով պատժի դատապարտվելու դեպքում դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո.
6) ռազմաուսումնական հաստատություններից հեռացվելու դեպքում 18 տարին չլրացած կուրսանտը (պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու համար), ինչպես նաև սպայի կամ ենթասպայի զինվորական կոչում չունեցող կին զինծառայողը.
7) ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց հետո հետագա պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում՝ ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու պայմանով.
8) հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման դեպքում (պայմանագրային զինծառայողը).
9) պայմանագրի՝ զինվորական ծառայության անցման պայմանները չկատարելու դեպքում (այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեցողները կամ դրանից զրկվածները).
10) իր հիմնավորված զեկուցագրով՝ այլ աշխատանքի անցնելու (այդ թվում՝ պատգամավոր ընտրվելու, պետական լիազոր այլ մարմիններում պաշտոնի նշանակվելու կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ), ինչպես նաև իր հետ կնքված պայմանագրի պայմանները խախտելու դեպքում:
2. Պայմանագրային զինծառայողն արձակվում է նաև սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետի հիմքերով, եթե՝
1) կրճատվել է հաստիքային զինվորական պաշտոնը (այդ թվում՝ զորամասի կամ ստորաբաժանման լուծարման պատճառով), և համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի.
2) լրացել է կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը, և համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի.
3) ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ոչ պիտանի՝ ռազմահաշվառական մասնագիտությամբ ծառայությունը շարունակելու համար, բայց զինվորական ծառայության համար պիտանի է կամ պիտանի՝ աննշան սահմանափակումներով, և համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի.
4) իջեցվել է զինվորական պաշտոնին համապատասխանող զինվորական կոչումը, կամ փոխվել է (վերանվանվել է) զինվորական հաշվառման մասնագիտությունը, և նա համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի:
3. Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ պայմանագրային զինծառայողը կարող է արձակվել որակավորման հանձնաժողովի որոշմամբ՝ հարգելի պատճառների առկայության դեպքում:
4. Ընտանեկան պայմանների պատճառով պայմանագրային զինծառայողը զորացրվում է, եթե՝
1) փոխվում է ամուսնու (կնոջ) ծառայության վայրը.
2) համապատասխան բժշկական փորձաքննության մարմնի եզրակացության համաձայն, մշտական կողմնակի խնամքի կարիք ունի նրա առանձին ապրող հայրը, մայրը, կինը (ամուսինը), հարազատ քույրը, եղբայրը, և չկա այլ անձ, որը, ըստ օրենքի, պարտավոր է խնամել նրանց.
3) ըստ բժշկական ցուցումների՝ ընտանիքի անդամի՝ տվյալ տեղանքում ապրելը հակացուցված է, և հնարավոր չէ նրան փոխադրել ընտանիքի բնակության համար բարենպաստ տեղանք՝ շարունակելու ծառայությունը.
4) խնամում է մինչև 18 տարեկան առանց հոր (մոր) մեծացող երեխա: