Հոդված 5. Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառումը և հաշվառումից հանելը
Հոդված 5. Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառումը և հաշվառումից հանելը
1. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառելու համար սեփականատերը պարտավոր է լիազորված մարմնի համապատասխան պաշտոնատար անձին ներկայացնել`
ա) դիմում.
բ) գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ.
գ) ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման դեպքում հիմնական հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր.
դ) «բ» և «գ» կետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ է համարվում դատարանի վճիռը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի կողմից վավերացված` սեփականատիրոջ հայտարարությունը.
ե) գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար օրենքով նախատեսված տուրքերի վճարումների անդորրագրերը.
զ) ֆիզիկական անձը՝ անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը՝ պետական գրանցման վկայագիր։
Տեխնիկական վկայագիրն ստորագրում և կնքում է լիազորված պետական մարմինը:
2. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառվում է լիազորված պետական մարմնի կողմից գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրում, իսկ տեխնիկական վկայագիրը տրված չլինելու դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կամ «գ» կամ «դ» կետերով նախատեսված փաստաթղթերում նշված տվյալների համապատասխանությունը փաստացի վիճակին ստուգելու համար զննում կատարելուց հետո:
3. Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատիրոջը պատկանող հաշվառման վերցված գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի, պետական համարանիշի տվյալները գրառվում են գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման գրքում: Հաշվառման գիրքը պահպանվում է 20 տարի՝ պետական կառավարման լիազորված մարմնում։
4. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանվում է՝
ա) գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման դեպքում.
բ) գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման դեպքում.
գ) գյուղատնտեսական տեխնիկայի խոտանման դեպքում:
Խոտան ճանաչելու չափանիշները սահմանում է լիազորված մարմինը:
5. Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման մասին տվյալները գրառվում են տեխնիկական վկայագրում, իսկ գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման և խոտանման դեպքում տեխնիկական վկայագիրը և պետական համարանիշը վերադարձվում է լիազորված պետական մարմնին, որի մասին համապատասխան գրառում է կատարվում գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման գրքում:
Դիմումի ձևերը հաստատում է լիազորված մարմինը։
(5-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-32-Ն, փոփ. 17.11.17 ՀՕ-203-Ն)