Հոդված 54. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը և գործունեության վայրը
Հոդված 54. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը և գործունեության վայրը
1. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ոչ ռեզիդենտի առանձնացված ստորաբաժանումն է:
2. Ոչ ռեզիդենտի գործունեության իրականացման վայրը Հայաստանի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանում չունեցող ոչ ռեզիդենտի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստացի վայրն է:
Վայր կարող են համարվել, մասնավորապես, ոչ ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող գրասենյակը, գործակալությունը, գործարանը, ֆաբրիկան, արտադրամասը, հանքահորը, հանքավայրը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարները հետախուզելու, արդյունահանելու և շահագործելու վայրը, պայմանագրով իրականացվող շինարարական, տեղակայման, մոնտաժային, կարգավորման, հավաքման, հետազոտման աշխատանքների, սարքավորումների սպասարկման, խորհրդատվական, այլ մասնագիտական ծառայություններ մատուցելու, այդ աշխատանքները վերահսկելու վայրը:
Ձեռնարկատիրական գործակալի միջոցով գործունեություն իրականացնելու դեպքում ոչ ռեզիդենտի գործունեության իրականացման վայր է համարվում ձեռնարկատիրական գործակալի գտնվելու վայրը:
3. Ձեռնարկատիրական գործակալը` ռեզիդենտ համարվող իրավաբանական անձը, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ ֆիզիկական անձը, որի գործունեությունը ոչ ռեզիդենտի կողմից վերահսկվում է հանձնարարության պայմանագրի, լիազորագրային կառավարման պայմանագրի կամ լիազորագրի հիման վրա կամ այլ ձևով, և որը ոչ ռեզիդենտի (լիազորող անձի) համար գործունեություն է իրականացնում մասնավորապես հետևյալ նպատակների համար`
ա) գնումներ կազմակերպելու, գնումներ կատարելու և այլ պայմանագրեր կնքելու.
բ) երրորդ անձանց հետ գործակալական պայմանագրային հարաբերություններ հաստատելու, լիազորող անձին պատկանող ապրանքները կանոնավոր ձևով կուտակելու, պահեստավորելու և լիազորող անձի անունից այլ անձանց այդպիսի ապրանքներ առաքելու.
գ) առևտրական պայմանագրեր կնքելիս կամ գնման պատվերներ կատարելիս լիազորող անձին ներկայացնելու: