Հոդված 55. Հարկվող օբյեկտի որոշման առանձնահատկությունները
Հոդված 55. Հարկվող օբյեկտի որոշման առանձնահատկությունները
1. Սույն օրենքի իմաստով` արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնությունում ձեռնարկատիրական գործակալ-միջնորդների բացակայության դեպքում) գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը:
2. Ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու շահագործողներից ստացած եկամուտը հարկման ենթակա չէ:
3. Եթե ոչ ռեզիդենտի և այլ անձի միջև ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են նույնանման գործարքներում սովորաբար առկա պայմաններից, ապա ցանկացած եկամտի նկատմամբ, որը կարող էր հաշվեգրել եկամուտները վճարող անձը, բայց ստեղծված պայմանների պատճառով չի հաշվեգրել, հարկային մարմինները կարող են իրականացնել հարկային ճշգրտում` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Եթե ոչ ռեզիդենտն իր գործունեությունն իրականացնում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս, չվարելով առանձնացված հաշվառում, ինչը թույլ չի տալիս որոշել ստորաբաժանման կամ վայրի միջոցով իրականացված գործունեությունից առաջացած հարկվող շահույթը, ապա այն կարող է որոշվել հաշվարկի հիման վրա` հարկատուի և հարկային տեսչության մարմնի միջև համաձայնեցված եղանակով: Համաձայնեցված եղանակը հիմք է ծառայում հարկվող շահույթը որոշելիս, քանի դեռ չկա դրա փոփոխման համար բավարար ծանրակշիռ պատճառ:
5. Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանման կամ վայրի գործունեությունից ստացված հարկվող շահույթը կարող է որոշվել ոչ ռեզիդենտի համընդհանուր գործունեության հասույթում Հայաստանի Հանրապետությունում գործունեությունից ստացած ապրանքների (ծառայությունների) իրացումից ընդհանուր հասույթի տեսակարար կշռով, ինչպես նաև ոչ ռեզիդենտի համընդհանուր ծախսերում Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության հետ կապված ծախսերի տեսակարար կշռով կամ ոչ ռեզիդենտի համընդհանուր անձնակազմում Հայաստանի Հանրապետությունում զբաղված անձնակազմի տեսակարար կշռով:
6. Շահութահարկի հաշվարկման նպատակով, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում, հարկային տեսչության մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:
(55-րդ հոդվածը լրաց. 25.05.11 ՀՕ-196-Ն)