Հոդված 9. Բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման կարգը
Հոդված 9. Բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման կարգը
1. Ջրօգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով անմիջապես վերցրած ջրի ծավալի հիման վրա` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքի:
2. Ձկնաբուծական և խեցգետնաբուծական գործունեություն իրականացնող վճարողները ջրօգտագործման համար վճարի հաշվարկն իրականացնում են օգտագործված ջրի ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա:
3. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների հիման վրա:
Ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի (ինչպես նաև արտադրված ածխաթթու գազի) ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի, ինչպես նաև արտադրված ածխաթթու գազի ծավալների հիման վրա:
Սույն օրենքով պինդ օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ է համարվում հաշվետու ժամանակահատվածում պինդ օգտակար հանածոյի արդյունահանված և արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:
Սույն օրենքով ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը:
Սույն օրենքով հանքային ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:
Ըստ օգտակար հանածոների առանձին տեսակների և առանձին հանքավայրերի` բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
4. Անտառանյութի օգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա:
Մնացած կենսապաշարների համար վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա` սույն օրենքին համապատասխան, և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ` մինչև կենսապաշարների տեղափոխումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) ստուգում է կենսապաշարների օգտագործման համար վճարի սույն օրենքին համապատասխան հաշվարկված լինելը:
6. Կենսապաշարների օգտագործման համար վճարը պակաս մուծելու կամ վճարումն ուշացնելու դեպքում սույն օրենքի համաձայն հաշվարկված տույժերի գումարները գանձում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները (այսուհետ` հարկային մարմիններ):
(9-րդ հոդվածը փոփ., խմբ. 05.12.00 ՀՕ-122, խմբ. 21.08.08 ՀՕ-145-Ն)