Հոդված 9. Բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման կարգը
Հոդված 9. Բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման կարգը
1. Ջրօգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով անմիջապես վերցրած ջրի ծավալի հիման վրա` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքի:
2. Ձկնաբուծական և խեցգետնաբուծական գործունեություն իրականացնող վճարողները ջրօգտագործման համար վճարի հաշվարկն իրականացնում են՝
1) Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի 50 տոկոսի, իսկ մակերևութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 10 տոկոսի հիման վրա.
2) Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի, ինչպես նաև մակերևութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա:
3. (պարբերությունը հանվել է 28.11.11 ՀՕ-284-Ն)
Ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի (ինչպես նաև արտադրված ածխաթթու գազի) ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի, ինչպես նաև արտադրված ածխաթթու գազի ծավալների հիման վրա:
(պարբերությունը հանվել է 28.11.11 ՀՕ-284-Ն)
Սույն օրենքով ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը:
Սույն օրենքով հանքային ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:
Ըստ օգտակար հանածոների առանձին տեսակների և առանձին հանքավայրերի` բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
4. Անտառանյութի օգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա:
Մնացած կենսապաշարների համար վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա` սույն օրենքին համապատասխան, և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ` մինչև կենսապաշարների տեղափոխումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) ստուգում է կենսապաշարների օգտագործման համար վճարի սույն օրենքին համապատասխան հաշվարկված լինելը:
6. Կենսապաշարների օգտագործման համար վճարը պակաս մուծելու կամ վճարումն ուշացնելու դեպքում սույն օրենքի համաձայն հաշվարկված տույժերի գումարները գանձում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները (այսուհետ` հարկային մարմիններ):
7. Ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում հանածոյի մարված պաշարների ծավալների, այդ ժամանակաշրջանում օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարների համար սահմանված վճարի դրույքաչափի (սույն կետում այսուհետ` դրույքաչափ) հիման վրա, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) և դրույքաչափի արտադրյալը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարների համար սահմանված վճարի հաստատագրված դրույքաչափը (սույն կետում այսուհետ` հաստատագրված դրույքաչափ):
Ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հաստատագրված դրույքաչափի և հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների բազմապատկումով`
ա) եթե հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) և դրույքաչափի արտադրյալը չի գերազանցում հաստատագրված դրույքաչափը.
բ) եթե հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների իրացում չի կատարվել: Եթե հաշվետու ժամանակաշրջանում իրացվել է այդ ժամանակաշրջանում մարված պաշարների մի մասը, ապա մարված պաշարների իրացված մասի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան, իսկ մարված պաշարների չիրացված մասի համար՝ հաստատագրված դրույքաչափերով.
գ) եթե իրացվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքը, կամ եթե օգտակար հանածոն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար.
դ) բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացված` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերության համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման ժամանակ:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օգտակար հանածոների առանձին տեսակների համար սահմանված հաստատագրված դրույքաչափերը սույն կետին համապատասխան կիրառվում են օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաշվի առնելով փորձաքննություն անցած և հաստատված հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի ելքի առանձին ցուցանիշները, եթե հաստատագրված դրույքաչափերը սահմանված են ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի բացակայության դեպքում, ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի, ամենաբարձր հաստատագրված դրույքաչափը կիրառվում է պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների ծավալի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարի համար սահմանված վճարի դրույքաչափի և հաշվետու ժամանակաշրջանում տվյալ քարի միջազգային շուկայական միջին գնի հիման վրա` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված գինը: Արտարժույթով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության դրամով հաշվարկելիս որպես փոխարժեք կիրառվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա 20-րդ օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արտարժույթի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը:
9. Սույն օրենքի իմաստով օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ է համարվում հաշվետու ժամանակահատվածում պինդ օգտակար հանածոյի արդյունահանված և արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:
(9-րդ հոդվածը փոփ., խմբ. 05.12.00 ՀՕ-122, խմբ. 21.08.08 ՀՕ-145-Ն, փոփ., լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-123-Ն)