Հոդված 6. Հարկ վճարողի հաշվառման համարները
Հոդված 6. Հարկ վճարողի հաշվառման համարները
1. Հարկ վճարողների հարկային հաշվառումն իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համարների (ՀՎՀՀ) տրամադրման միջոցով: Հայաստանի Հանրապետության հարկային մարմնում հաշվառման կանգնելու ժամանակ հարկ վճարողին տրամադրվող հարկ վճարողի հաշվառման համարը հանդիսանում է նրա նույնականացման կոդը:
2. Կառավարությունը կարող է սահմանել ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարների տրամադրման կարգ:
3. Հարկ վճարողի հաշվառման համարը միակն է և ենթակա չէ փոփոխման: Հարկ վճարողի հաշվառման համարը չի կարող տրամադրվել այլ հարկ վճարողների: Կազմակերպության վերակազմավորման դեպքում հարկ վճարողի հաշվառման համարը փոխանցվում է նրա իրավահաջորդին, իսկ վերակազմակերպման մյուս եղանակների դեպքում՝
1) կազմակերպությունների միացման եղանակով վերակազմակերպման դեպքում շարունակում է գործել այն կազմակերպության ՀՎՀՀ-ն, որին միանում է մեկ այլ կազմակերպություն, իսկ միացող կազմակերպության ՀՎՀՀ-ն համարվում է չեղյալ և հանվում է հաշվառումից.
2) կազմակերպությունների միաձուլման եղանակով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ միաձուլվող կազմակերպությունների ՀՎՀՀ-ները համարվում են չեղյալ և հանվում են հաշվառումից.
3) կազմակերպությունների առանձնացման եղանակով վերակազմակերպման դեպքում առանձնացված նոր կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ նախկին կազմակերպությունը (որից կատարվել է առանձնացումը) շարունակում է հաշվառվել իր ՀՎՀՀ-ով.
4) կազմակերպությունների բաժանման եղանակով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպություններից յուրաքանչյուրին տրամադրվում է նոր ՀՎՀՀ:
4. Ֆիզիկական անձին տրամադրվող հարկ վճարողի հաշվառման համարը մնում է անփոփոխ վերջինիս տարբեր կարգավիճակներում, և´ որպես անհատ ձեռնարկատեր հանդիսացող, և´ որպես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ համարվելու ժամանակ:
5. Նոտարների՝ հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգերը սահմանում է կառավարությունը:
6. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգերը սահմանում է կառավարությունը:
7. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումից հետո կրկին որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալու և հարկային մարմնում հաշվառման կանգնելու դեպքում նրան տրամադրվում է իր նախորդ հարկ վճարողի հաշվառման համարը: ՀՎՀՀ-ն չի փոխվում նաև այն ժամանակ, երբ անհատ ձեռնարկատերը գործունեության դադարեցումից հետո հարկային մարմին է ներկայացնում հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր՝ որպես ֆիզիկական անձ:
8. Հարկ վճարողի հաշվառման համարը կազմված է ութանիշ թվից: Առաջին յոթ նիշը հանդիսանում է հերթական համար, ութերորդ նիշը ստուգիչ է և հաշվառվում է նախորդ յոթ նիշերի հիման վրա: Հարկ վճարողների հաշվառման համարների մասնատումը, ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների, ինչպես նաև ստուգիչ նիշի հաշվառման բանաձևը սահմանում է հարկային մարմինը:
9. Հարկ վճարողի հաշվառման համարի առկայությունը պարտադիր է հարկ վճարողի կնիքի, կառավարության սահմանած ցանկում ներառված վճարահաշվարկային փաստաթղթերի վրա:
10. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար բանկային հաշիվներ բացվում են միայն հարկ վճարողի հաշվառման համարի առկայության դեպքում:
11. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար բանկային հաշիվների բացման վերաբերյալ հարկային մարմին տեղեկությունների տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ: