Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում բերված հասկացություններն օգտագործված են հետևյալ իմաստներով՝
հարկային մարմին՝ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրված սահմանված հարկային մարմին.
հարկ վճարող՝ օրենսդրությամբ սահմանված հարկեր և (կամ) այլ պարտադիր վճարներ վճարելու պարտավորություն կրող ֆիզիկական և իրավաբանական անձ (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ, օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկ, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ, ներկայացուցչություն), հիմնարկ, տեղական ինքնակառավարման մարմին.
հարկ վճարողի հաշվառում՝ պետական գրանցում ստացած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համարների տրամադրում և հաշվառում.
հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)՝ պետական գրանցում կամ հաշվառում ստացած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ հարկային մարմնում հաշվառման կանգնելիս տրամադրվող հաշվառման համար.
հարկ վճարողների վերաբերյալ տվյալների միասնական բանկ՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնում հաշվառված կազմակերպությունների և ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) վերաբերյալ տվյալների միասնական բանկ.
անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ՝ հարկեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ, ում եկամուտները չեն ձևավորվում բացառապես հարկային գործակալ հանդիսացող անձանցից ստացվող եկամուտների հաշվին.
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություն՝ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռեզիդենտ կազմակերպություններ.
Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություն՝ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռեզիդենտ չհանդիսացող կազմակերպություն.
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձ՝ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռեզիդենտ ֆիզիկական անձ.
Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ՝ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձ:
2. Սույն օրենքում այլ բան նշված չլինելու դեպքում, ֆիզիկական անձ հասկացությունը կիրառվում է նաև անհատ ձեռնարկատեր իմաստով: