Հոդված 6. Հարկ վճարողի հաշվառման համարները
Հոդված 6. Հարկ վճարողի հաշվառման համարները
1. Հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրումը, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների, իրականացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով: Հարկ վճարողի հաշվառման համարը նրա նույնականացման կոդն է:
Պետական գրանցում ստացող կազմակերպություններին և հաշվառվող անհատ ձեռնարկատերերին հարկ վճարողների հաշվառման համարներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը գրանցող (հաշվառող) մարմնին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրում է իր ավտոմատացված կառավարման համակարգում տվյալների բազայից առցանց ռեժիմով օգտվելու թույլտվություն:
Օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերն ստանալուց և ավտոմատացված տվյալների բազա մուտքագրելուց հետո համակարգչային ծրագրի միջոցով հարկ վճարողին անմիջապես տրամադրվում է հաշվառման համար:
Պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման մասին տեղեկությունները պետական գրանցման (հաշվառման) օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրվում են հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների պետական գրանցման մասին տեղեկությունները պետական գրանցման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգով:
2. Կառավարությունը կարող է սահմանել ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարների տրամադրման կարգ:
3. Հարկ վճարողի հաշվառման համարը միակն է և ենթակա չէ փոփոխման: Հարկ վճարողի հաշվառման համարը չի կարող տրամադրվել այլ հարկ վճարողների: Կազմակերպության վերակազմավորման դեպքում հարկ վճարողի հաշվառման համարը փոխանցվում է նրա իրավահաջորդին, իսկ վերակազմակերպման մյուս եղանակների դեպքում՝
1) կազմակերպությունների միացման եղանակով վերակազմակերպման դեպքում շարունակում է գործել այն կազմակերպության ՀՎՀՀ-ն, որին միանում է մեկ այլ կազմակերպություն, իսկ միացող կազմակերպության ՀՎՀՀ-ն համարվում է չեղյալ և հանվում է հաշվառումից.
2) կազմակերպությունների միաձուլման եղանակով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ միաձուլվող կազմակերպությունների ՀՎՀՀ-ները համարվում են չեղյալ և հանվում են հաշվառումից.
3) կազմակերպությունների առանձնացման եղանակով վերակազմակերպման դեպքում առանձնացված նոր կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ նախկին կազմակերպությունը (որից կատարվել է առանձնացումը) շարունակում է հաշվառվել իր ՀՎՀՀ-ով.
4) կազմակերպությունների բաժանման եղանակով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպություններից յուրաքանչյուրին տրամադրվում է նոր ՀՎՀՀ:
4. Ֆիզիկական անձին տրամադրվող հարկ վճարողի հաշվառման համարը մնում է անփոփոխ վերջինիս տարբեր կարգավիճակներում, և´ որպես անհատ ձեռնարկատեր հանդիսացող, և´ որպես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ համարվելու ժամանակ:
5. Նոտարների՝ հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգերը սահմանում է կառավարությունը:
6. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգերը սահմանում է կառավարությունը:
7. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումից հետո կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու դեպքում նրան տրամադրվում է իր նախորդ հարկ վճարողի հաշվառման համարը: ՀՎՀՀ-ն չի փոխվում նաև այն ժամանակ, երբ անհատ ձեռնարկատերը գործունեության դադարեցումից հետո հարկային մարմին է ներկայացնում հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր՝ որպես ֆիզիկական անձ:
8. Հարկ վճարողի հաշվառման համարը կազմված է ութանիշ թվից: Առաջին յոթ նիշը հանդիսանում է հերթական համար, ութերորդ նիշը ստուգիչ է և հաշվառվում է նախորդ յոթ նիշերի հիման վրա: Հարկ վճարողների հաշվառման համարների մասնատումը, ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների, ինչպես նաև ստուգիչ նիշի հաշվառման բանաձևը սահմանում է հարկային մարմինը:
9. Հարկ վճարողի հաշվառման համարի առկայությունը պարտադիր է կառավարության սահմանած ցանկում ներառված վճարահաշվարկային փաստաթղթերի վրա:
10. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար բանկային հաշիվներ բացվում են միայն հարկ վճարողի հաշվառման համարի առկայության դեպքում:
11. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար բանկային հաշիվների բացման վերաբերյալ հարկային մարմին տեղեկությունների տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ:
(6-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 08.12.10 ՀՕ-198-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-61-Ն)