Հոդված 5. Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելը և հաշվառվելը
Հոդված 5. Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելը և հաշվառվելը
1. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ տարվա որևէ ժամանակահատվածում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 3-ում սահմանված ձևով դիմում-հայտարարություն` տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում, որտեղ նշում են`
1) արտոնագրային վճար վճարողի`
ա. անունը և ազգանունը,
բ. անձնագրային տվյալները,
գ. սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում).
2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.
3) գործունեության իրականացման`
ա. տեսակը (տեսակները),
բ. վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատերերը տվյալ տարվա որևէ ժամանակահատվածում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 4-ում սահմանված ձևով դիմում-հայտարարություն` տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում, որտեղ նշում են`
1) արտոնագրային վճար վճարողի`
ա. անունը և ազգանունը,
բ. պետական գրանցման վկայականի համարը,
գ. հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).
2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.
3) գործունեության իրականացման`
ա. տեսակը (տեսակները),
բ. վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):
3. Դիմում-հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին տրվում է ՀՎՀՀ «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
4. ՀՎՀՀ տրամադրելու օրն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող և ստանում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ում սահմանված ձևի արտոնագիրը:
5. Դիմում-հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող և ստանում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 6-ում սահմանված ձևի արտոնագիրը:
6. Յուրաքանչյուր ֆիզիկական անձին յուրաքանչյուր ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) համար տրվում է մեկ արտոնագիր:
7. Որևէ ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձին այդ ժամանակահատվածը ամբողջությամբ կամ մասնակի ներառող ժամանակահատվածի համար նոր արտոնագիր (եռամսյակային, կիսամյակային, 9 ամսվա, տարեկան) չի տրամադրվում: