Հոդված 8. Հարկվող օբյեկտի հաշվառման եղանակը
Հոդված 8. Հարկվող օբյեկտի հաշվառման եղանակը
1. Հարկվող օբյեկտը որոշելիս իրացման շրջանառության և (կամ) այլ եկամուտների հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով:
2. Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում շրջանառության հարկ վճարողը եկամուտների հաշվառումն իրականացնում է` ելնելով իր կողմից եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու պահից` անկախ եկամտի փաստացի ստացման ժամկետից:
3. Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքի կատարման օրվա դրությամբ: Բացառությամբ բռնագրավման, նվիրատվության կամ այլ ձևով պետությանը օտարման դեպքերի, շրջանառության հարկով հարկվող օբյեկտը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:
4. Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով (բացառությամբ պետությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնման դեպքերի) եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը, ըստ շրջանառության հարկի հաշվետու ժամանակաշրջանների, բաշխվում է հավասարաչափ և դրա չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն: