Հոդված 166.1. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը
Հոդված 166.1. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը
1. Էթիկայի հանձնաժողովը դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի կողմից սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով` իր իրավասության շրջանակում որևէ այլ հարց քննելիս կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով խախտում կատարած անձին:
2. Եթե քննարկումից հետո էթիկայի հանձնաժողովը գտնում է, որ այդ խախտումները կոպիտ չեն և չեն կրում պարբերական բնույթ, ապա նա կարող է սահմանափակվել հարցի քննարկմամբ: Հակառակ դեպքում հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին:
3. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո Արդարադատության խորհուրդը նրանց նկատմամբ կարող է կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) դատավորների թեկնածությունների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:
4. Եթե Հանրապետության Նախագահը Արդարադատության խորհրդի՝ անձին դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու վերաբերյալ միջնորդությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, անձին չի հանում ցուցակից, ապա միջնորդությունը համարվում է մերժված: Այդ դեպքում օրենքի ուժով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված համապատասխան կարգապահական տույժի ենթարկված:
5. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության ընթացակարգի վրա տարածվում են սույն գլխի նորմերը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ:
(166.1-ին հոդվածը լրաց. 02.05.13 ՀՕ-51-Ն)