Հոդված 116. Արդարադատության խորհրդում հարցազրույցի համար նյութերի նախապատրաստումը
Հոդված 116. Արդարադատության խորհրդում հարցազրույցի համար նյութերի նախապատրաստումը
(վերնագիրը խմբ. 20.06.13 ՀՕ-90-Ն)
1. Սույն օրենսգրքի 115.3-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Արդարադատության խորհրդի աշխատակազմը սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որակավորման գրավոր քննությունների հանրագումարային արդյունքներով դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 5-ով գերազանցող թվաքանակի (բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան թվաքանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները) ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակը ներկայացնում է Արդարադատության խորհուրդ` հարցազրույց անցնելու նպատակով։ Հավասար անցողիկ միավոր ունեցող հավակնորդների առկայության դեպքում բոլոր այդ հավակնորդներն ընդգրկվում են ցուցակում:
2. Արդարադատության խորհրդի աշխատակազմը Արդարադատության խորհուրդ ներկայացված հավակնորդների ցուցակը միաժամանակ հրապարակում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: Հավակնորդների ցուցակի հետ հրապարակվում են նաև յուրաքանչյուր հավակնորդի կրթության, հետբուհական աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ:
3. Պետական մարմինները և պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են տվյալ դատավորի թեկնածուի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի հեղինակության և նրա` դատավորի լիազորությունները պատշաճ իրականացնելու վերաբերյալ, պարտավոր են հավակնորդների ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին հայտնել Արդարադատության խորհրդին:
4. Հավակնորդները ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրավունք ունեն Արդարադատության խորհուրդ ներկայացնելու ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է հավաստել իրենց մասնագիտական փորձառությունը և նպաստել դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների և արժանիքների գնահատմանը Արդարադատության խորհրդում հարցազրույցի ժամանակ:
5. Արդարադատության խորհրդի աշխատակազմն իրավունք ունի գրավոր և բանավոր հարցումներ կատարելու երաշխավորագիր-նամակներ տված անձանցից, հավակնորդի աշխատավայրից, բարձրագույն ուսումնական հաստատություններից և հավակնորդի հետ առնչվող այլ հաստատություններից՝ հավակնորդի մասնագիտական որակների և անձնական հատկանիշների վերաբերյալ:
6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը Արդարադատության խորհուրդ ուղարկելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Արդարադատության խորհրդի աշխատակազմը Արդարադատության խորհուրդ է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործը, որում պետք է ներառվեն սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, որակավորման գրավոր քննությունների արդյունքում ստացած միավորները և սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով ստացված տեղեկությունները:
7. Արդարադատության խորհրդի աշխատակազմը ապահովում է, որ հավակնորդների անձնական գործին ծանոթանան Արդարադատության խորհրդի բոլոր անդամները:
(116-րդ հոդվածը փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն, 02.05.13 ՀՕ-51-Ն, խմբ. 20.06.13 ՀՕ-90-Ն)