Հոդված 115.2. Որակավորման գրավոր քննությունը
Հոդված 115.2. Որակավորման գրավոր քննությունը
(վերնագիրը խմբ. 10.06.14 ՀՕ-47-Ն)
1. Որակավորման գրավոր քննությունն անցկացվում է համապատասխանաբար քրեական, քաղաքացիական կամ վարչական մասնագիտացման ոլորտում թեստերի միջոցով, որոնք պարունակում են իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու և կիրառելու պահանջով:
2. Իրավական խնդրում ներկայացված յուրաքանչյուր հանգամանք վեր հանելու, վերլուծելու և իրավական որակում տալու համար տրվում է համապատասխան միավոր՝ կախված հանգամանքների բարդությունից:
3. Սույն հոդվածով նախատեսված գրավոր քննության ժամանակ հավակնորդին կարող են տրամադրվել հանձնարարվող խնդիրների փաստական հանգամանքների վերաբերյալ նյութեր, ինչպես նաև խնդրի լուծման համար անհրաժեշտ տեսական գրականություն և իրավական ակտեր, որոնց շրջանակը որոշում է (են) սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգով ընտրված համապատասխան մասնագետը (մասնագետները) կամ մասնագիտացված կազմակերպությունը:
4. Թեստերը կարող են պարունակել նաև բազմակի ընտրության հարցեր:
5. Սույն հոդվածով նախատեսված թեստն ուղղված է, բացի ակադեմիական գիտելիքներից, նաև հավակնորդի վերլուծական կարողությունների, բարդ տեքստերի համակարգված, արագ ըմբռնման կարողությունների ստուգմանը:
6. Թեստի ժամանակ հարցերն ընտրվում են պատահականության սկզբունքով: Թեստի անցկացման համար նախատեսված հարցերի ընդհանուր քանակը, որից կատարվում է հարցերի ընտրությունը, պետք է առնվազն կրկնակի գերազանցի մեկ թեստի համար նախատեսված հարցերի քանակը:
7. Արդարադատության խորհուրդը սահմանում է սույն հոդվածով նախատեսված թեստի անցկացման համար մշակման ենթակա տարբերակների նվազագույն քանակը:
8. Որակավորման գրավոր քննության օրվանից առնվազն 10 օր առաջ Արդարադատության խորհրդի աշխատակազմը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է սույն հոդվածով նախատեսված որակավորման գրավոր քննության առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակ:
9. Սույն հոդվածով նախատեսված որակավորման գրավոր քննության արդյունքներով անցողիկ միավորներ հավաքած հավակնորդները անցնում են հոգեբանական թեստ` ուղղված պատասխանատվության զգացման, ունկնդրելու կարողության, ինքնատիրապետման, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառման և դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշների ստուգմանը:
10. Հոգեբանական թեստի արդյունքներն ունեն միայն խորհրդատվական նշանակություն, ենթակա չեն հրապարակման և տրամադրվում են միայն Արդարադատության խորհրդի անդամներին՝ խորհրդում հարցազրույցի անցկացումից հետո մինչև ամփոփիչ քննարկումը: Հոգեբանական թեստի արդյունքները, դատավորների թեկնածությունների ցուցակը Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելուց հետո, ենթակա են ոչնչացման:
(115.2-րդ հոդվածի 10-րդ մասը՝ այն մասով, որով դատավորների թեկնածությունների ցուցակ ընդգրկված հավակնորդների հոգեբանական թեստի արդյունքները, որոնք վերաբերում են նրանց հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման որակներին, ենթակա չեն հրապարակման, և այդ ցուցակը Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելուց հետո ենթակա է ոչնչացման, ճանաչել ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին, մասնավորապես` տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունն ամրագրող դրույթին հակասող և անվավեր 20.06.2017 ՍԴՈ-1374 որոշմամբ):
(115.2-րդ հոդվածը լրաց. 20.06.13 ՀՕ-90-Ն, խմբ. 10.06.14 ՀՕ-47-Ն)