Հոդված 115.3. Որակավորման գրավոր քննության արդյունքների ամփոփումը
Հոդված 115.3. Որակավորման գրավոր քննության արդյունքների ամփոփումը
1. Սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որակավորման գրավոր քննության յուրաքանչյուր փուլի աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորվում է համապատասխան գնահատման հանձնաժողով, իսկ քննության համապատասխան փուլի արդյունքների բողոքարկման հետ կապված հարցեր լուծելու նպատակով՝ բողոքարկման հանձնաժողով:
2. Գնահատման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում հինգ դատավոր և իրավունքի համապատասխան բնագավառի երկու իրավաբան գիտնական:
3. Բողոքարկման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում 2 դատավոր և իրավունքի համապատասխան բնագավառի մեկ իրավաբան գիտնական:
4. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար որակավորման գրավոր քննության համապատասխան փուլի անցկացումից ոչ շուտ, քան 4 օր առաջ Դատարանների նախագահների խորհուրդը առաջարկում է 10 դատավորի թեկնածություն՝ վերջիններիս համաձայնությամբ, իսկ արդարադատության նախարարը՝ իրավունքի համապատասխան բնագավառի առնվազն 4 իրավաբան գիտնականի թեկնածություն: Որակավորման գրավոր քննության անցկացման օրը` քննությունների ավարտից անմիջապես հետո, նշված դատավորներից և իրավաբան գիտնականներից վիճակահանությամբ ընտրվում են գնահատման հանձնաժողովի անդամներ: Նույն անձը չի կարող միաժամանակ լինել և բողոքարկման, և գնահատման հանձնաժողովի անդամ:
5. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների աշխատանքն իրականացվում է գաղտնի և դռնփակ ընթացակարգով: Գնահատման և բողոքարկման հանձնաժողովի անդամների անունները ենթակա չեն հրապարակման համապատասխանաբար մինչև քննությունների կամ բողոքարկման արդյունքների հրապարակումը:
6. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների կազմում չեն կարող ընդգրկվել Արդարադատության խորհրդի անդամները և դատարանների նախագահները:
7. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են համապատասխանաբար իր թեկնածությունն առաջադրած Դատարանների նախագահների խորհրդի կամ արդարադատության նախարարի կողմից`
1) դատավորի պաշտոնում իր լիազորությունները դադարելու դեպքում.
2) եթե որակավորման ստուգմանը մասնակցում է իր ամուսինը կամ իր հետ արյունակցական՝ մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը.
3) եթե համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհուրդը կամ արդարադատության նախարարը, քննարկելով սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան ներկայացված փաստերը կամ հանգամանքները, կարծում է, որ դրանք կարող են ողջամիտ կասկած հարուցել որակավորման ստուգմանը անձի մասնակցության անկողմնակալության մեջ:
8. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամը պարտավոր է համապատասխանաբար իր թեկնածությունը առաջադրած Դատարանների նախագահների խորհրդին կամ արդարադատության նախարարին, ինչպես նաև Արդարադատության խորհրդին անհապաղ գրավոր հայտնել, եթե տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել որակավորման ստուգմանը նրա մասնակցության անկողմնակալության մեջ:
9. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նոր անդամը նշանակվում է հանձնաժողովի համապատասխան անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված կարգով:
10. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովները ղեկավարում են հանձնաժողովների կազմից անդամների ձայների ընդհանուր մեծամասնությամբ ընտրված անձինք:
11. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովները լուծարվում են որակավորման գրավոր քննությունների արդյունքների ամփոփման և բողոքարկման ժամկետը լրանալուց հետո:
12. Սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր աշխատանքների ստուգումն իրականացնում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված երկու ստուգողներ, որոնցից մեկը պետք է լինի դատավոր, իսկ մյուսը՝ իրավաբան գիտնական:
13. Եթե սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան` ստուգման արդյունքներով ստուգողների նշանակած միավորներում առկա է քսան տոկոսից ավելի շեղում, նշանակվում է լրացուցիչ ստուգում, որին մասնակցում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված համապատասխանաբար մեկ այլ դատավոր և մյուս իրավաբան գիտնականը:
14. Որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգումը և գնահատումը գնահատման հանձնաժողովն իրականացնում է անանուն:
15. Գրավոր աշխատանքների ստուգման և գնահատման համար գնահատման հանձնաժողովը պետք է հնարավորինս ապահովված լինի աշխատանքների ստուգումն ուղղորդող տիպային պատասխաններով:
16. Արդարադատության խորհուրդը սահմանում է սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր աշխատանքները գնահատելու չափորոշիչները և դրանց հիման վրա՝ գրավոր քննության արդյունքների ստուգաթերթի ձևը: Գրավոր աշխատանքի ստուգումն իրականացրած գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման ենթակա չափորոշիչներից յուրաքանչյուրի վերաբերյալ կատարում է վերջնական գնահատականը հիմնավորող նշումներ գրավոր քննության արդյունքների ստուգաթերթում:
17. Ստուգված գրավոր աշխատանքը պետք է պարունակի դրանցում առկա թերությունների վերաբերյալ ստուգողների կատարած համապատասխան նշումներ, որոնք հնարավորություն կտան եզրահանգումներ անելու գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին:
18. Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալու ստուգված գրավոր աշխատանքին և ներկայացնելու իր նկատառումները:
19. Որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման արդյունքներով վերջնական գնահատականը որոշում է գնահատման հանձնաժողովը՝ առնվազն 4 ձայնով ընդունված որոշմամբ: Գնահատման հանձնաժողովի որոշման մեջ նշվում են նաև սույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով նախատեսված ստուգողների գնահատականները:
20. Եթե գնահատման հանձնաժողովը անհրաժեշտ ձայներով որոշում չի կայացնում վերջնական գնահատականի վերաբերյալ, ապա այն որոշվում է համապատասխանաբար երկու, իսկ լրացուցիչ ստուգում նշանակված լինելու դեպքում՝ չորս ստուգողների նշանակած գնահատականների միջինով:
21. Արդյունքների հրապարակումից հետո հավակնորդի պահանջով անհապաղ, բայց ոչ ուշ, քան մինչև դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, տրամադրվում է իր գնահատված գրավոր աշխատանքի պատճենը:
22. Հավակնորդն իրավունք ունի դիմելու և գնահատման հանձնաժողովի անդամներից ստանալու իր գնահատականի վերաբերյալ լրացուցիչ բանավոր պարզաբանումներ:
23. Յուրաքանչյուր հավակնորդ գնահատման հանձնաժողովի որոշման հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով, եթե համարում է, որ խախտվել է քննությունների անցկացման ընթացակարգը, կամ վիճարկում է քննության գնահատականը:
24. Քննության ընթացակարգը կամ գնահատականը բողոքարկելիս հավակնորդը հստակ նշում է բողոքի հիմքում ընկած հանգամանքները և իր հիմնավորումները:
25. Գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված Դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության նախարարի առաջարկած թեկնածուներից վիճակահանությամբ ընտրվում է 2 դատավոր և 1 իրավաբան գիտնական անդամներից կազմված բողոքարկման հանձնաժողով:
26. Հավակնորդի գրավոր աշխատանքը և բողոքը բողոքարկման հանձնաժողովին տրամադրվում են անանուն:
27. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված հարցեր քննարկելիս բողոքարկման հանձնաժողովի անդամները, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրել և լսել գնահատման հանձնաժողովի անդամներին, իրավունքի համապատասխան բնագավառի այլ իրավաբան գիտնականների կամ հավակնորդին:
28. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են հավակնորդի բողոքը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
29. Բողոքարկման արդյունքներով կայացված որոշումները պատճառաբանվում են: Դրանք անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:
30. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան միայն գրավոր քննությունների անցկացման ընթացակարգի, գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման և բողոքարկման ընթացակարգային նորմերի խախտման հիմքով:
31. Որակավորման ստուգումը և արդյունքների ամփոփումը, այդ թվում` որակավորման արդյունքների բողոքարկումը, պետք է իրականացվեն սույն օրենսգրքի 115-րդ հոդվածին համապատասխան հայտերի ընդունման ժամկետի ավարտին հաջորդող մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև նոյեմբերի 25-ը:
32. Որակավորման ստուգումը պետք է կազմակերպվի այն հաշվով, որ սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր քննության երկրորդ փուլի արդյունքների հրապարակումից հետո երաշխավորվի առնվազն 8 աշխատանքային օր ժամանակ բողոքարկման համար:
33. Մինչև բողոքարկման հանձնաժողովի կողմից որոշման կայացումը հավակնորդն իրավունք ունի մասնակցելու որակավորման ստուգման հաջորդ փուլին, եթե այն արդեն սկսվել է:
(115.3-րդ հոդվածը լրաց. 20.06.13 ՀՕ-90-Ն)