Գլուխ 2 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 17. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու կարգը
Հոդված 17. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու կարգը
1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրությունը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում՝ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով։
2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով լիազորությունները դադարելուց առնվազն վեց ամիս առաջ Սահմանադրական դատարանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունների գործընթացը կազմակերպելու նպատակով տեղյակ է պահում համապատասխանաբար Հանրապետության նախագահին, Կառավարությանը և Վճռաբեկ դատարանի նախագահին: