Հոդված 56
Հոդված 56.
Օրենքի 28-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 153.1-ին հոդվածով.
«Հոդված 153.1. Ազգային ժողովի կողմից նշանակված ինքնավար մարմինների անդամների լիազորությունների դադարեցման կարգը
1. Ազգային ժողովի կողմից նշանակված ինքնավար մարմնի անդամի լիազորություններն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կարող են դադարեցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով:
2. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝ հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ, հարցերին պատասխանել, ինչպես նաև եզրափակիչ ելույթ ունենալ Ազգային ժողովի որոշման նախագծում նշված ինքնավար մարմնի անդամը:
3. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»: