Հոդված 16
Հոդված 16
«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը որոշելը
1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը մաքսային նպատակներով որոշվում է ապրանքների բավարար վերամշակման այնպիսի չափանիշներին համապատասխան, որոնք կարող են արտահայտվել՝
1) ապրանքի դասակարգման ծածկագրի փոփոխությամբ` Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ) առաջին չորս նիշերից որևէ մեկի մակարդակով.
2) անհրաժեշտ պայմանների, արտադրական և տեխնոլոգիական այնպիսի գործողությունների կատարմամբ, որոնք բավարար են ապրանքը որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու համար.
3) ապրանքի արժեքի փոփոխությամբ, երբ օգտագործված նյութերի արժեքի տոկոսային բաժինը կամ ավելացված արժեքը հասնում է վերջնական արտադրանքի գնում ներառված հաստատագրված բաժնին (ադվալորային բաժնի կանոն):
2. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը ճանաչվում է որպես Մաքսային միության ապրանք, եթե ապրանքի պատրաստման (ստացման) գործողությունների արդյունքում կատարվում է հետևյալ պայմաններից մեկը՝
տեղի է ունեցել ապրանքի դասակարգման ծածկագրի փոփոխություն ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի առաջին չորս նիշերից որևէ մեկի մակարդակով՝ բացառությամբ սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված դեպքերի.
«ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների արժեքի տոկոսային բաժինը չի գերազանցում վերջնական արտադրանքի գնի մեջ ներառված հաստատագրված բաժինը, կամ ավելացված արժեքը հասնում է վերջնական արտադրանքի գնի մեջ հաստատագրված բաժնին՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքի.
ապրանքի նկատմամբ կատարվել են այն պայմանները, արտադրական և տեխնոլոգիական գործողությունները, որոնք բավարար են ապրանքը որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու համար՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նշված դեպքի:
«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը չի ճանաչվում որպես Մաքսային միության ապրանք, եթե այդ ապրանքի մասով կատարվել են միայն այն գործողությունները, որոնք չեն համապատասխանում բավարար վերամշակման չափանիշներին՝ անկախ այլ պայմանների կատարումից:
ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի առաջին չորս նիշերից որևէ մեկի մակարդակով ապրանքի դասակարգման ծածկագրի փոփոխությունը չի կիրառվում որպես «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների բավարար վերամշակման չափանիշ, եթե ապրանքների առնչությամբ սահմանվել է ապրանքի՝ որպես Մաքսային միության ապրանք ճանաչվելու համար բավարար պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների ցանկ:
3. Այն պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների ցանկը, որոնք բավարար են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքը՝ որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու համար, ինչպես նաև այն գործողությունների ցանկը, որոնց իրականացումը չի համապատասխանում բավարար վերամշակման չափանիշներին՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը որոշելիս՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի եզրափակման դեպքում՝ մաքսային նպատակներով, սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի կողմից: Մաքսային միության հանձնաժողովի նշված որոշումն ընդունվում է ընդհանուր համաձայնության (կոնսենսուսի) հիման վրա:
4. Մաքսային միության հանձնաժողովը որոշում է «Ադվալորային բաժնի կանոնը որպես «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների բավարար վերամշակման չափանիշ կիրառելու» կարգը: Մաքսային միության հանձնաժողովի նշված որոշումն ընդունվում է ընդհանուր համաձայնության (կոնսենսուսի) հիման վրա:
Ադվալորային բաժնի կանոնը չի կիրառվում որպես բավարար վերամշակման չափանիշ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքների վերանորոգմանն ուղղված գործողությունների իրականացման ժամանակ:
5. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի եզրափակման ժամանակ, մաքսային նպատակներից ելնելով, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով՝ Մաքսային միության անդամ պետության լիազոր այն մարմնի կողմից, որը որոշվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
6. Մաքսային միության անդամ պետության լիազոր մարմինը «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի եզրափակման ժամանակ մաքսային նպատակներով՝ որպես «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ տրամադրում է եզրակացություն «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու վերաբերյալ կամ եզրակացություն այն մասին, որ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը Մաքսային միության ապրանք չէ:
«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու մասին եզրակացությունների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը Մաքսային միության ապրանք չլինելը ճանաչելու մասին եզրակացությունների ձևը, լրացման կարգը, ինչպես նաև դրանց տրամադրման և կիրառման կարգը որոշվում են Մաքսային միության հանձնաժողովի կողմից:
Մաքսային միության հանձնաժողովը կարող է սահմանել պահանջներ՝ նշված եզրակացությունների էլեկտրոնային տարբերակի վերաբերյալ:
7. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը հաստատող փաստաթղթի բացակայության, չեղյալ կամ անվավեր ճանաչվելու դեպքում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս այդ ապրանքը դիտարկվում է որպես Մաքսային միության ապրանք՝ այն Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելու նպատակներով, և որպես օտարերկրյա ապրանք՝ այլ նպատակներով: