Հոդված 14
Հոդված 14
Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման առանձնահատկությունները «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս
1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս մաքսատուրքերի, հարկերի հաշվարկումը կատարվում է այնպիսի մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման կարգին համապատասխան, որոնք սահմանված են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:
2. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից անփոփոխ վիճակում արտահանվող օտարերկրյա ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս, բացառությամբ բնական մաշվածության կամ բնականոն կորստի հետևանքով փոխադրման (տրանսպորտային փոխադրման), պահպանման և (կամ) օգտագործման (շահագործման) նորմալ պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների, այդ ապրանքները ձևակերպվում են «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով:
3. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակվում է այդ ապրանքների կամ Մաքսային միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպմամբ այն դեպքում, երբ այդ ապրանքներն արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:
Մաքսային միության ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս և այդ ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման:
Արտահանման մաքսատուրքը հաշվարկելիս մաքսատուրքի դրույքաչափը, ապրանքների արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ), ինչպես նաև ապրանքների քանակը և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող արտարժույթի փոխարժեքները որոշվում են ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ:
4. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված և ազատ պահեստի տարածքում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս և այդ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս վճարվում են ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, եթե մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված չեն սակագնային առանձնաշնորհումներ, արտոնություններ:
Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը, ապրանքների մաքսային արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշ), ինչպես նաև ապրանքների քանակը և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող արտարժույթի փոխարժեքները որոշվում են ապրանքները «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ՝ բացառությամբ սույն կետի երրորդ պարբերությամբ նշված դեպքի:
«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված և պահեստի տիրապետողի կողմից սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված գործողությունների իրականացման համար շահագործման մեջ դրված և օգտագործվող սարքավորումների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը, ապրանքների մաքսային արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշ), ինչպես նաև ապրանքների քանակը և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող արտարժույթի փոխարժեքները որոշվում են ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ նույն կերպ, եթե այդ ապրանքները ներմուծված լինեին Մաքսային միության մաքսային տարածք այդ օրը:
5. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության այն ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս, որոնք մնացել են անփոփոխ վիճակում՝ բացառությամբ փոխադրման (տրանսպորտային փոխադրման), պահպանման և (կամ) օգտագործման (շահագործման) նորմալ պայմաններում՝ բնական մաշվածության կամ բնականոն կորստի հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների, և որոնք չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս, այդ ապրանքները ձևակերպվում են «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով:
6. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակվում է՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով՝ այն դեպքում, երբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները ճանաչվում են որպես Մաքսային միության ապրանքներ և արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:
«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգն օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված և որպես Մաքսային միության ապրանքներ ճանաչված ապրանքների՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպմամբ եզրափակելիս արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման:
Արտահանման մաքսատուրքը հաշվարկելիս մաքսատուրքի դրույքաչափը, ապրանքների արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշ), ինչպես նաև ապրանքների քանակը և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող արտարժույթի փոխարժեքները որոշվում են ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ:
7. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակվում է «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպմամբ՝ այն դեպքում, երբ օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները չեն ճանաչվել որպես Մաքսային միության ապրանքներ և արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:
8. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակվում է «վերաներմուծում» մաքսային ընթացակարգի ձևակերպմամբ՝
«ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված բացառապես այդ ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս.
այդ ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նկատմամբ այն դեպքում, երբ պատրաստված (ստացված) ապրանքները ճանաչվել են որպես Մաքսային միության ապրանքներ և չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:
«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակվում է օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպմամբ այն դեպքում երբ օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները ճանաչվել են որպես Մաքսային միության ապրանքներ և չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:
9. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակվում է «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների՝ Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 13-րդ, 14-րդ ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպմամբ՝ այն դեպքում, երբ օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները չեն ճանաչվել որպես Մաքսային միության ապրանքներ և չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:
Օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների՝ սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածին համապատասխան իրականացվող նույնականացման պայմաններում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այնպիսի դրույքաչափեր, ապրանքների մաքսային արժեք, քանակ և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշ), որոնք սահմանված են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված և ապրանքների պատրաստման (ստացման) համար օգտագործված օտարերկրյա ապրանքները «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ:
Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների՝ սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածին համապատասխան իրականացվող նույնականացման բացակայության դեպքում կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այնպիսի դրույքաչափեր, մաքսային արժեք, քանակ և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշ), որոնք սահմանված են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ: