Հոդված 17
Հոդված 17
Անցումային դրույթներ
1. 2010 թվականի հունվարի 1-ից հետո երրորդ երկրներից Բելառուսի Հանրապետություն կամ Ղազախստանի Հանրապետություն ներմուծված այն ավտոմոբիլները, որոնց նկատմամբ մաքսատուրքերը, հարկերը վճարվել են սույն Համաձայնագրի 5-րդ հավելվածով սահմանված մաքսատուրքերից, հարկերից տարբերվող դրույքաչափերով, Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվում են օտարերկրյա ապրանքներ՝
մինչև մաքսատուրքերի, հարկերի վճարումը՝ սույն Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով կամ մինչև 2013 թվականի հունվարի 1-ը՝ մաքսատուրքերի, հարկերի վճարված գումարի և վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարի տարբերության չափով:
Սույն կետի առաջին մասի գործողությունը չի տարածվում 2010 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված ավտոմոբիլների վրա, որոնց նկատմամբ մաքսատուրքերը վճարվել են Մաքսային միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերով:
2. 2010 թվականի հունվարի 1-ից հետո Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող, Բելառուսի Հանրապետության կամ Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ավտոմոբիլների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարված գումարների և մաքսատուրքերի, հարկերի՝ սույն Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով վճարման ենթակա գումարների միջև տարբերությունը կարող է վճարվել համապատասխանաբար Բելառուսի Հանրապետության կամ Ղազախստանի Հանրապետության բյուջե՝ նախքան Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծելը:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ավտոմոբիլները Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծելու ժամանակ անցկացվում է դրանց մաքսային հսկողություն, իսկ մաքսային վճարումների կատարման անհրաժեշտության դեպքում իրականացվում են Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային գործառնություններ՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-5-րդ կետերի:
4. Այն դեպքում, եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված ավտոմոբիլների մասով մաքսատուրքերը, հարկերը սույն հոդվածի 1-ին կետի առաջին մասի երկրորդ պարբերության մեջ նշված չափով չեն վճարվել Բելառուսի Հանրապետության կամ Ղազախստանի Հանրապետության բյուջե մինչև Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվելը, ապա այդպիսի մաքսատուրքերը, հարկերը Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջե են վճարվում՝ Ռուսաստանի Դաշնության այն մաքսային մարմնին հայտարարագրելու ժամանակ, որի գործունեության տարածքում են գտնվում Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ռուս-ղազախական կամ ռուս-բելառուսական հատվածներում գտնվող անցակետերը և (կամ) հատման կետերը:
5. Բելառուսի Հանրապետության կամ Ղազախստանի Հանրապետության տարածքում գրանցված՝ սույն հոդվածի 1-ին կետում նշված ավտոմոբիլները կարող են ժամանակավորապես ներմուծվել Ռուսաստանի Դաշնության տարածք միայն Բելառուսի Հանրապետությունում կամ Ղազախստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձանց կողմից՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու: Այլ անձանց կողմից Ռուսաստանի Դաշնության տարածք այդպիսի ավտոմոբիլների ներմուծումն ու օգտագործումը, ինչպես նաև դրանց օտարումը, օգտագործման, տնօրինման համար փոխանցումը Ռուսաստանի Դաշնության տարածքում, թույլատրվում է միայն Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմիններում դրանց մաքսային հայտարարագրման և սույն հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պայմանով:
6. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ավտոմոբիլների՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում օգտագործման և (կամ) տնօրինման, ինչպես նաև գրանցման լրացուցիչ պայմանները՝ նախքան դրանց՝ Մաքսային միության ապրանքների կարգավիճակ ստանալը, ինչպես նաև այդպիսի օգտագործման և (կամ) տնօրինման, դրանց գրանցման իրականացման կարգը սահմանվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ:
7. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինները փոխանակում են տեղեկություններ՝ 2010 թվականի հունվարի 1-ից հետո Բելառուսի Հանրապետության կամ Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված և ազատ շրջանառության համար բաց թողնված ավտոմոբիլների և նման ավտոմոբիլների մասով վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների չափի վերաբերյալ:
8. Մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Մաքսային միության անդամ պետության տարածք ֆիզիկական անձանց կողմից ներմուծված անձնական օգտագործման ապրանքները՝ բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված ավտոմոբիլների, Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից համարվում են Մաքսային միության ապրանքներ:
2013 թվականի հունվարի 1-ից հետո սույն հոդվածի 1-ին կետում նշված ավտոմոբիլները Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվում են Մաքսային միության ապրանքներ՝ անկախ վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարի և սույն Համաձայնագրի 5-րդ հավելվածում նշված դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի գումարի տարբերության չափով Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջե մաքսատուրքեր, հարկեր վճարելու փաստից: