Հոդված 16
Հոդված 16
Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը
1. Անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսատուրքերի վճարման ապահովումը ներկայացվում է մաքսային մարմին հետևյալ դեպքերում՝
Մաքսային միության մաքսային տարածքում և օտարերկրյա պետության տարածքում չգրանցված անձնական օգտագործման ապրանքները, ինչպես նաև տրանսպորտային միջոցները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, եթե սույն Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ.
Մաքսային միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միության մաքսային տարածք օտարերկրյա պետությունների տարածքում գրանցված տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում.
Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
2. Անձնական օգտագործման ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովվում է Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված միջոցներով՝ հետևյալ չափերով.
1) ավտոմոբիլների մասով՝ այն մաքսատուրքերի, հարկերի համապատասխան գումարի չափով, որը վճարման ենթակա կլիներ ավտոմոբիլներն ազատ շրջանառության համար բացթողման դեպքում, եթե Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ կամ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով այլ չափեր սահմանված չեն.
2) անձնական օգտագործման ապրանքների, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների՝ բացառությամբ ավտոմոբիլների, այն մաքսատուրքերի, հարկերի համապատասխան գումարի չափով, որը վճարման ենթակա կլիներ՝ դրանք ազատ շրջանառության համար բացթողման դեպքում:
3. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում չի ներկայացվում Օրենսգրքով սահմանված դեպքերում:
4. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով անձնական օգտագործման ապրանքների փոխադրման դեպքում մաքսային մարմինը, որին ներկայացվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը, ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման փոխադարձ ճանաչման կարգը, սահմանվում են Օրենսգրքի համաձայն:
5. Եթե անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովվում է դրամական միջոցներով (դրամական գումարներով), ապա մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը կարող է տրամադրվել անկանխիկ կարգով կամ կանխիկ դրամական միջոցներով (դրամական գումարներով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն: