Հոդված 2
Հոդված 2
Սույն գլխում գործածվող եզրույթները
1. Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ հիմնական եզրույթները և դրանց սահմանումները՝
1) ավտոտրանսպորտային, մոտոտրանսպորտային միջոցներ՝
գլխավորապես մարդկանց փոխադրման համար նախատեսված թեթև մարդատար ավտոմոբիլները և շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են Մաքսային միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ «ՄՄ ԱՏԳ ԱԱ») 8703 ապրանքային դիրքում՝ բացառությամբ սույն ենթակետի երրորդ պարբերության մեջ նշվածների (այսուհետ՝ ավտոմոբիլներ).
մոտոամենագնացներ (քվադրոցիկլներ), ձյունագնացներ և այլ տրանսպորտային միջոցներ, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում, որոնք նախատեսված չեն ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկելու համար.
մոտոցիկլներ, մոպեդներ, մոտոռոլլերներ, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքում. առավելագույնը 12 անձի՝ ներառյալ վարորդի փոխադրման համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցները, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքում, մինչև 5 տոննա լրիվ զանգվածով բեռներ փոխադրելու համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցները, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում.
2) ֆիզիկական անձի՝ Մաքսային միության անդամ պետությունում մշտական բնակության վայր ժամանելու (վերաբնակվելու) ամսաթիվը՝ տվյալ պետության օրենսդրության համաձայն փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակը կամ անձի՝ Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության վայր ժամանելու (վերաբնակվելու) փաստի ճանաչումը հաստատող փաստաթղթի տրամադրման ամսաթիվը.
3) ծովամթերք՝ խեցգետնանմաններ, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 0306 ապրանքային դիրքում՝ բացառությամբ լանգուստների, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 0306 21 000 0 ապրանքային դիրքում, օմարների, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 0306 22 ապրանքային դիրքում, մանր ծովախեցգետինների, որոնք դասակարգվում են ՄՄ ԱՏԳ ԱԱ 0306 23 ապրանքային դիրքում.
4) անձնական օգտագործման չմասնատվող ապրանք՝ անձնական օգտագործման՝ 35 կիլոգրամը գերազանցող, ապրանքի մեկ միավորից կամ մեկ լրակազմից բաղկացած ապրանք, այդ թվում՝ կազմատված, չհավաքված, չկոմպլեկտավորված կամ անավարտ տեսքով տեղափոխվող՝ պայմանով, որ ապրանքն ունի հավաքված, կոմպլեկտային կամ ամբողջական ապրանքի հիմնական հատկությունը: Կոմպլեկտայնությունը կարող է որոշվել ապրանքն արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից պիտակների վրա, արտադրատեսակների անձնագրերում, երաշխիքային կտրոններում, փաթեթավորման թերթիկներում, այլ փաստաթղթերում ներկայացված տեղեկությունների հիման վրա, ինչպես նաև ելնելով նման ապրանքի կամ լրակազմի համընդհանուր ընդունված (ավանդական) գործածությունից, որը համապատասխանում է դրա գործառական նշանակությանը.
5) երկուղի համակարգ՝ մաքսային հսկողության պարզեցված համակարգ, որը թույլ է տալիս մաքսային սահմանը հատող ֆիզիկական անձանց իրականացնել ինքնուրույն ընտրություն՝ «կարմիր» ուղու (անձնական օգտագործման ապրանքների գրավոր մաքսային հայտարարագրմամբ) և «կանաչ» ուղու միջև.
6) միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքեր, հարկեր՝ ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր գումարը՝ առանց դա բաղկացուցիչ մաքսատուրքերի, հարկերի բաժանելու.
7) օգտագործված ապրանքներ՝ ապրանքներ, որոնց վրա առկա են կրելուց, լվանալուց, շահագործումից առաջացած տեսանելի նշաններ.
8) ընտանիքի անդամներ՝ գրանցված ամուսնությունում գտնվող կինը և ամուսինը, ծնողները, երեխաները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ եղբայրները և քույրերը, պապիկը (պապը), տատիկը (տատը), թոռները և անաշխատունակ խնամարկյալները:
2. Սույն Համաձայնագրում գործածվող մյուս եզրույթները կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված իմաստներով: